«Օրենք ընդդեմ օրինական ընտրությունների» վերնագրով նոր հոդված է գրել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ վերլուծելով Ընտրական օրենսդրության փոփոխություններին, որոնք «կարգավորման» անվան տակ նոր ծուղակ են պատրաստել ընտրություններից մի քանի ամիս առաջ։
Հոդվածը՝ ստորև.
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ իշխող ուժը հրատապ ռեժիմով փոփոխություններ է ընդունել Ընտրական օրենսգրքում՝ ուղղված ընտրությունների դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակմանը։
Ըստ նոր կարգավորման՝ ընտրական գործընթացի ընթացքում քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում դիտորդական կազմակերպությունները կարող են զրկվել հավատարմագրումից։
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել, քննարկվել և ընդունվել է արտահերթ նիստում՝ առանց հանրային կամ մասնագիտական քննարկումների, ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ։ Այս գործելակերպը լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն նախաձեռնության բովանդակության, այլև դրա ընդունման լեգիտիմության և իրական նպատակների շուրջ։
Ընտրական օրենսդրության փոփոխությունների ժամանակագրությունը բացահայտորեն հակասում է միջազգային ընդունված մոտեցումներին։ Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արձանագրել է, որ ընտրական օրենսդրության հիմնարար փոփոխությունները պետք է իրականացվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր սուբյեկտների համար խաղի կանոնները լինեն կանխատեսելի, կայուն և հավասար։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղեցույցներում, որտեղ շեշտվում է, որ վերջին պահին ընդունված փոփոխությունները խաթարում են ընտրական վստահությունը և կարող են դիտվել որպես վարչական միջամտության գործիք։
Այս դեպքում փոփոխությունները ոչ միայն կատարվել են չափազանց ուշ, այլև՝ հապշտապ՝ շրջանցելով հանրային և մասնագիտական քննարկումների ինստիտուտը։ Սա ընտրական իրավունքի տեսանկյունից բարձր ռիսկային գործելակերպ է և վկայում է ոչ թե համակարգի կատարելագործման, այլ վերահսկողության խստացման նպատակների մասին։ Այս ամենը կարող է ազդել ընտրությունների լեգիտիմության վրա, հատկապես եթե ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը շարունակեն քննադատել դրանք որպես հակաժողովրդավարական:
Առանձնակի մտահոգիչ է դիտորդական կազմակերպությունների համար քաղաքական չեզոքության պահանջի կիրառման տրամաբանությունը։ Եթե այդ չափանիշը չունի հստակ իրավական սահմանումներ, այն վերածվում է սուբյեկտիվ գնահատման և կամայական կիրառման գործիքի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դիտորդական առաքելությունների հիմնական գործառույթը ընտրական խախտումների արձանագրումն է, դրանց հրապարակային ներկայացումը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։ Եթե դիտորդի կողմից խախտման մասին բարձրաձայնումը կարող է որակվել որպես քաղաքական դիրքորոշում, ապա դիտորդական ինստիտուտը փաստացի զրկվում է իր բովանդակային էությունից։
Ձևավորվում է ֆիլտրող մեխանիզմ, որի նպատակը ոչ թե ընտրական գործընթացի թափանցիկության բարձրացումն է, այլ հանրային վերահսկողության թուլացումը։
Դիտորդական կազմակերպությունների գործունեության սահմանափակումը լոկալ քայլ չէ։ Այն տեղավորվում է ավելի լայն քաղաքական համատեքստի մեջ՝ քաղաքական կալանավորումների և ռեպրեսիվ գործիքակազմի կիրառման խորացում, սոցիալական արդարության սկզբունքների հետ անհամատեղելի պարգևավճարների ցուցադրական բաշխում, պետական և վարչական ապարատի աճող քաղաքական մոբիլիզացիա։ Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունները դիտարկվում են ոչ թե որպես հանրային վստահության վերականգնման կամ քաղաքական մրցակցության միջոց, այլ որպես կառավարվող և վերահսկվող գործընթաց։
Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ իշխանությունը առաջիկա ընտրություններում հանրության աջակցության վրա չի հենվում։ Ընտրությունների նկատմամբ վստահության փոխարեն շեշտը դրվում է վարչական լծակների, վերահսկողության սահմանափակման և բյուրոկրատական միջամտության վրա։ Եթե իշխանությունն իսկապես վստահ լիներ հասարակության աջակցությանը, չէր սահմանափակի անկախ դիտորդներին, չէր փոխի ընտրական կանոնները վերջին պահին և չէր խուսափի հանրային ու մասնագիտական քննարկումներից։
Այն իշխանությունը, որը չի վստահում սեփական հասարակությանը, ընտրությունները վերածում է ոչ թե օրինական ժողովրդավարական մրցակցության, այլ վարչական վերահսկման մեխանիզմի՝ վերարտադրության նպատակով:





