Միանգամից ասեմ՝ կապը զուտ օրացուցային է կամ՝ համընկնում։
Մյուռնօրհնեքն այս տարի հոկտեմբերի 1-ին է, վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Խաչվերացի տոնին, կատարվելու է նաեւ մյուռոնօրհնության նախատոնական կարեւոր ծիսակատարություններից մեկը՝ ծաղիկների օրհնության կարգը։
Մյուռոնի օրհնությունից 50 օր առաջ մեկնարկում են դրա նախապատրաստական աշխատանքները, որոնք ներառում են նաեւ ծաղիկների ու բույսերի օրհնության կարգը, որ սովորաբար կատարվում է բուն արարողությունից 2 շաբաթ առաջ։
Հաշվի առնելով, որ այս տարի այդ ժամանակացույցը համընկնում է Խաչվերացի տոնի հետ, եկեղեցին որոշել է կարեւոր իրադարձությունն ու Սբխեչը մեկտեղել։
Արդեն քանի տասնամյակ Հայ առաքելական եկեղեցին մյուռոնի օրհնությունը կատարում է Վարագա սուրբ Խաչի տոնին։ Այն շարժական տոն է, հիմնական նշվում է սեպտեմբերի 28-ի մոտակա օրը՝ սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը։
Եկեղեցու միաբաններն ասում են՝ պատահական չէ, որ մյուռոնօրհնեքն ու Վարագա սուրբ Խաչի տոնը նույն օրն են նշվում։
Վարագա Խաչի տոնը խիստ հայկական է, միայն հայ առաքելական եկեղեցուն է բնորոշ նաեւ անուշաբույր սուրբ յուղը՝ մյուռոնը, եւ ընդգծելու համար երկու իրադարձությունների հայկականությունը Հայոց եկեղեցին սրբալույս մյուռոնն օրհնում է Վարագա Խաչի տոնի օրը։
Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում ծաղիկների օրհնության կարգը, որն ըստ այս տարվա մյուռոնօրհնության ժամանակացույցի՝ վաղը՝ սեպտեմբերի 17-ին է տեղի ունենալու։
Նախ ասենք, որ մյուռոնի բաղադրության կարեւոր ու առաջնային հեղուկը ձիթայուղն է, բույսը՝ բալասանը։ Բայց այս երկուսից բացի, աշխարհի տարբեր ծագերից Հայաստան են բերվում 72 անուն բույս ու ծաղիկ, որոնք հատ առ հատ մշակվելուց, հատուկ յուղերի կամ հեղուկների մեջ ըստ անհրաժեշտության փափկեցվելուց եւ մանրացվելուց հետո աստիճանաբար եփվելու են մյուռոնի՝ ավելի քան մեկ դարեկան կաթսայի մեջ (կաթսայի պատմությունն էլ առանձին կներկայացնենք)։
Բույսերը միանգամից ու միաժամանակ չեն եփվում։ Դա հատուկ ընթացակարգ է՝ մի մասը 1-2-րդ, մեկ այլ մասը՝ 3-4-րդ կամ 5-րդ օրն է եփվեում, եւ այդ ամբողջ գործընթացն ուղեկցվում է շարականներով ու աղոթքներով։
Շարունակելի…
Սեւակ Վարդումյան