Տոմսակ
Իրարանցման պատճառը Հնդկաստանի՝ Հունաստանին առաջարկած հրթիռներն են, որոնք մայիս ամսին նա գործածել է Պակիստանի դեմ՝ տասնօրյա կռիվների ժամանակ։ Աթենքը պատրաստակամություն է հայտնել նպաստավոր պայմաններով գնելու դրանք՝ ուժեղացնելու համար իր զինանոցը։
Բանն այն է, որ հնդկական LR-LACM Cruise հեռահար հրթիռները համարվում են պատերազմում լավ քննություն բռնած զինատեսակ։ Դրանց հեռահարությունը ծովից հասնում է 1000, իսկ ցամաքից՝ մինչեւ 1500 կիլոմետրի, թիրախին հարվածելու ճշգրտության առումով, ընդամենը, ինչպես տեղեկացնում է հնդկական պաշտպանական համակարգի կենտրոնը, 10 մետր շեղումով։ Այդ հրթիռները հարմար են, հետեւաբար, ռազմակայանների, օդակայանների, հրամանատարական ամրությունների ոչնչացման համար։ Ու նկատի ունենալով այդ հրթիռների հեռահարությունը, հզորությունն ու ճշգրտությունը, այն էլ՝ Եգեյական ծովի այն ափին Թուրքիայից ընդամենը շուրջ 700 կմ հեռավորության վրա, թուրքական մամուլը, որպես հավատարիմ արձագանքող իր իշխանություններին, կրակուբոց է ժայթքում այս օրերին ընդդեմ Հունաստանին եւ… Հնդկաստանին։ Վերջինս, իր հերթին, չի մոռանում, որ տասնօրյա պատերազմի ընթացքում Թուրքիան իր ԱԹՍ-ներով եւ այլ զինատեսակներով հսկայական օգնություն ցույց տվեց Պակիստանին։ Իսկ ինչ վերաբերում է հարմարագույն պայմաններոով Նյու Դելհիից Աթենքին առաջարկվող գործարքին, հնդկական աղբյուրները հիշեցնում են, որ նախորդ ամիս եվրոպական շուկաներում Աթենքն էր կազմակերպել իր զինատեսակների առաջին ցուցադրություն-վաճառքը։
Այսպիսով, ի տես թուրքական մամուլի վլվլոցին, կարելի է արձանագրել փաստը՝ թուրքերը, ներառյալ Ալիեւի Ադրբեջանը, իրենց են վերապահում ցանկացած քանակությամբ եւ տեսականու ընտրությամբ զենքեր գնելու իրավունքը, նույն իրավունքը մերժելով հակամարտ երկրներին, ներառյալ Հայաստանը։
Այս առթիվ անհրաժեշտ է հիշեցնել մեր ժողովրդին, ի մասնավորի եվրոնատոյական երազանքի ջատագով Տիգրան Խզմալյան, Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան ու նման երազախաբներին, որ Հունաստանն ու Թուրքիան անդամ են նույն՝ ՆԱՏՕ-ին, որից Հունաստանը ոչ մի խեր, ինչպես ասում են, դեռեւս չի տեսել։ Եգեական ծովում գտնվող հունական, հի՛ն հունական կղզիների համար արդեն 40 տարի թուրքական օդուժն ու ծովային միավորները «սեղմում են» հույներին, ինչպես Կիպրոսում, մինչ ՆԱՏՕ-ն, իբր, չի կարողանում «խոսք հասկացնել» իր մյուս դաշնակից հույներին։
Ի՞նչ է կտրում մեր հայրենակից ՆԱՏՕ-ականների խելքը. այդ կազմակերպությունը, ինչպես եւ Եվրոմիությունը կարո՞ղ են, ավելի ճիշտ՝ կուզենա՞ն դույզն չափով օգտակար լինել մեր՝ Հունաստանից 10 անգամ փոքր երկրին։
«Այո» ասողները թող իջնեն մեյդան ու մեր ժողովրդին փորձեն բացատրել, նկատի ունենալով վերոշարադրյալը, թե ի՞նչպես։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ