Ես շատ հավանական եմ համարում, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի մոտ ապագայում։ Որովհետև Զանգեզուրի միջանցքը ծառայում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերին։ Եթե ինտեգրման գործընթացը արագանա միջազգային և տարածաշրջանային մակարդակով, ապա Միջին միջանցքի շրջանակներում Չինաստանից մինչև Լոնդոն ձգվող ցամաքային և երկաթուղային ուղիների, ինչպես նաև կարևոր նավթագազային խողովակաշարերի համար ավելի արագ և կարճ երթուղին հնարավոր կլինի միայն Զանգեզուրի միջանցքի բացման շնորհիվ. ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։
Թուրք դիվանագետի դիտարկումները՝ ստորև.
Զանգեզուրի միջանցքը պետք է դիտարկել ոչ միայն Արևելք-Արևմուտք, այլև Հյուսիս-Հարավ տեսանկյունից։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո 3+3 ձևաչափը անընդհատ քննարկվում էր նախագահ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումներում։ Այսինքն՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նույնպես ներգրավված էին տարածաշրջանի երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում՝ բոլոր կողմերի շահերը բավարարող լուծում գտնելու համար։
Չնայած ժամանակ առ ժամանակ դեռևս որոշակի քննարկումներ են ընթանում, ես կարծում եմ, որ մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում, Զանգեզուրի միջանցքի բացումը տեղի կունենա առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Հատկապես Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման և Արևելք-Արևմուտք ուղղությամբ առևտրի ծավալների ավելացման առումով, ես կարծում եմ, որ դա հնարավոր է, և ես դա ակնկալում եմ:
Բայց որպես դիվանագետ, չեմ կարող նշել Զանգեզուրի միջանցքի բացման ճշգրիտ ամսաթիվը։ Որովհետև ոչ ոք չգիտի՝ սա խաղ է բազմաթիվ մասնակիցների հետ։ Նախևառաջ, որպես երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշում կայացնեն այս հարցի վերաբերյալ։
Որպես պատերազմի հաղթող՝ Ադրբեջանը իրավացիորեն հայտարարում է այս միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նախատեսված է նաև 2020 թվականի համաձայնագրով։ Սակայն դրա բացման ժամանակն ու պայմանները կախված են երկու կողմերի՝ որպես անկախ պետությունների, համաձայնությունից։ Մեր կողմից մենք աջակցում ենք այս միջանցքի բացմանը և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առումով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը վերջ կդնի տարածաշրջանում ավելի քան 30 տարի շարունակվող լարվածությանը և կնպաստի թյուրքական աշխարհով անցնող միջանցքի բացմանը։ Սա համապատասխանում է մեր ազգային շահերին և միևնույն ժամանակ օգտակար է բոլոր կողմերի համար։ Հետևաբար, մենք աջակցում ենք դրան։
Խաղաղությունից կշահեն բոլոր կողմերը, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք, որ կարգավորման գործընթացը արագանա։ Եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր և կատարվեն Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանները, ապա համապատասխան ժամանակին, Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում, կարող է բացվել նաև թուրք-հայաստանյան սահմանը։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա այս կարգավորման գործընթացը։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից Զանգեզուրի միջանցքը մի վայր է, որտեղ թյուրքական պետությունների կապերը կտրված են։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ շփվել միայն Վրաստանի և Իրանի միջոցով։ Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա 1-2 տարվա ընթացքում հնարավոր կդառնա Անկարայից և Ստամբուլից Բաքու ցամաքային և երկաթուղային երթուղի, իսկ այնտեղից՝ ծովով՝ Կենտրոնական Ասիայի երկրներ, ինչը մեր ժողովրդի ցանկությունն է։
Իհարկե, Իրանը մեր բարեկամ և եղբայրական երկիրն է, Վրաստանը նույնպես մեր բարեկամն է։ Երկու երկրներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բայց ինչո՞ւ մենք չենք օգտագործում մեր սեփական տարածքներով անցնող ուղիղ ցամաքային և երկաթուղային կապերը։ Սա հատկապես կարևոր է առևտրաշրջանառության ավելացման, Միջին միջանցքի հնարավորությունների ընդլայնման և համաշխարհային ասպարեզում Թյուրքական պետությունների կազմակերպության կարևորության բարձրացման առումով։
Թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրի միջանցքն է։ 1937 թվականից ի վեր առաջին անգամ կիրականացվի ուղիղ հաղորդակցություն Թուրքիայի և Ադրբեջանի և թյուրքական աշխարհի միջև։





