Պերճ Պռոշյանի հուշը
Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը:
Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ հետամնաց բարքեր էին, ընդունելի տարբերակ էր երեխաներին ծեծի ենթակելով դաս սովորեցնելը:
Նույնիսկ երեխային վարժապետին հանձնելիս ծնողն ասում էր՝ «Միսը՝ քեզ, կաշին ու ոսկորը՝ ինձ»:
Այսինքն՝ պատժելով, տանջելով արդյունքի հասցրու:
Այսպիսին էին ընդունված բարքերը:
Եվ օրերից մի օր Երևանի արքունի դպրոցի տեսուչ Խաչատուր Աբովյանը այցելում է այդ դպրոց:
Խեղճ Շապուհ վարժապետը, ուսուցման այլ մեթոդներ չիմանալով, էս ավելի է բարկանում երեխաների վրա, ստիպում նրանց քարացած նստել՝ ասելով.
«Ուղղվեցե′ք, կարգի ընկե′ք, փայտի նման տեղներդ չորացե′ք, վայր թափեցե′ք, Երևանի թագավորական վարժարանի մեծն եկել է, հենց հիմի էստեղ կլինի, ձեզ հարցմունքներ կանի, վայ նրան, ով որ մի տառում սխալվել է, ճիպոտի տակին կմահացնեմ….»:
Աբովյանը երեխաների միամիտ խոսքից հասկանում է ամեն ինչ և որոշում իր օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է սեր արթնացնել երեխաների մեջ, ինչպես պետք է ձևավորել երեխայի առողջ մարմնում առողջ հոգի:
Դիմելով երեխաներին՝ ասում է.
«Երեխա′յք, եթե ես խնդրեմ վարժապետից, որ այսուհետև ձեզ չծեծի, խոստանու՞մ եք, որ միշտ դասերդ լավ պատրաստեք,- դրական պատասխան ստանալով՝ ասում է,- Դե′հ, ուրեմն, միամիտ կացեք, այսուհետև ծեծը վերանում է ձեր միջից»։
***
Երեք օր այցելելով դպրոց՝ Աբովյանը երեխաներին տարբեր ուսումնական խաղեր է սովորեցնում, ինքն էլ խաղում է նրանց հետ՝ վարժապետին ստիպելով, որ իր օրինակին հետևի:
Երեխաներին տանում է գետն ու ինքն էլ նրանց հետ լողանում:
4-րդ օրը 70 երեխաներն ու գյուղացիները ուղեկցում են սիրելի ու թանկագիին հյուրին:
Պռոշյանը գրում է.
«Եթե նա մեզ չկանգնեցներ, մենք պատրաստ էինք ուղեկցել մինչև Երևան: Ամենքիս մեկ-մեկ համբուրելով, յուր հրաժեշտը տվեց այս խոսքերով.
— Երեխա՛յք, ձեր վարժապետն ինձ խոստացել է այսուհետև ծեծը բոլորովին վերացնել, ամառվա շոգերին միայն առավոտյան և երեկոյան հով ժամանակը պարապել, մյուս ժամանակներին ազատ եք, խոստացել է ամեն օր երեկոյան դեմ ձեզ լողալու տանել, օրական երկու ժամ խաղացնել:
Բայց, երեխա′յք, եթե որևէ խնդիր ունենաք ինձ դառնալու, իրավունք եմ տալիս գրավոր դիմելու. ես Երևանի թագավորական ուումնարանի տեսուչն եմ, ձեր թուղթն ուղղակի ուսումնարան ղրկեցեք. մի′ քաշվեք, ես ինքս էլ գյուղացի եմ, Քանաքեռ գյուղիցն եմ. իմ անունս է Խաչատուր Աբովյանց:
—Աստված կյանք տա, շատ շնորհակալ ենք,- ձայն ձայնի տվինք մանուկներս:
Նա ձի նստեց և հեռացավ:
Բլրի հետևն էր անցել Աբովյանցը, իսկ մենք մեր կեցցեները դեռ չէինք դադարեցրել:
Գնաց հայ ազգի նոր գրականության լուսատու աստղը` հանրահռչակ Խաչատուր Աբովյանցն և մեր սիրտը հետը տարավ….»: