Վերջերս Վրաստանի ընդդիմադիր գործիչներից մեկի հետ էի խոսում. բողոքում էր ընտրությունների արդյունքներից, ասում էր, թե դրանցում «ռուսաստանի հետք կա»։ Հաղթած ուժի նախընտրական այս և նման պաստառներ ցուցադրեց, թե «տեսեք՝ նման վախեցնող պատկերներով են վրաց ժողովրդին համոզում, թե եթե մեզ չընտրեք, Վրաստանը կդառնա Ուրկաինայի նման քանդված»։
Իսկապես այժմ էլ վրաց ժողովրդի մի զանգված փողոցներում վիճարկում է այս մոտեցումը, պահանջում է Եվրամիությանն անդամակցելուց չհրաժարվել։ Հետաքրքիր է, որ դրանից կարծես ոչ թե Վրաստանի ընտրված իշխանություններն են հրաժարվել, այլ Եվրամիությունը։ Վրաստանի ներկայիս իշխանություններին ընտրած մեծամասնությունը ԵՄ քաղաքականությունից հիասթափված է, ոչ թե՝ Ռուսաստանի քաղաքականությունից ոգևորված։ Այս իմաստով կան նաև հայաստանցիների և վրացիների միջև նմանություններ։
Առհասարակ, հիասթափվածությունը ներկայիս քաղաքական վարքի, մտածողության և գործելակերպի ամենակայուն գործոններից է, ցավոք, բայց սա այլ թեմա է։
Մենք՝ հայաստանցիներս, նույնպես հույսեր ունեինք, թե Եվրամիությանն ավելի մոտ կդառնանք, հիմա էլ անգամ հանրաքվե են ուզում անցկացնել՝ «հասկանալու», թե որքանով ենք ուզում ԵՄ մտնել։ Եվ, իրոք, վատ չէր լինի։ Բայց և չի լինի։
Վրացիները և մենք չէ, որ դա որոշում ենք։ Իսկ ԵՄ-ն այսօր ունի այնքան ներքին խնդիր, այդ թվում՝ ներգաղթող ոչ եվրոպացիների անվերջ և խնդրահարույց զանգվածը, որ լրացուցիչ նման ռիսկեր ստեղծել իրենց երբեք /ոչ թե այժմ, կամ մոտակա տարիներին, այլ ԵՐԲԵՔ/ չեն ուզենա։ Ով քիչ թե շատ գիտի ԵՄ այսօրվա ներքին քաղաքական, տնտեսական, մշակութային վիճակը, դա շատ լավ ու ակնհայտ տեսնում է։
Մենք չէ, որ բողոքի ակցիաներով կամ հանրաքվեներով պիտի որոշենք՝ մեզ որևիցե տեղ կընդունեն, թե ոչ։ Եվրոպայում ուկրաինացիներից /ում շատ հարգում եմ/ արդեն իսկ կուշտ են։
Եվրոպական հարևանությունը մոտավորապես նմանեցնում եմ մի տանտիրոջ, ով շուն է պահում, բայց ոչ թե տանը, այլ՝ բակում, շղթայից կապած։ Որպեսզի ուրիշների վրա հաչա, ներս չթողնի, դրա համար կերակրում են։ Բայց և ներս՝ տուն չեն թողնում։ Նաև՝ չափից շատ չեն կերակրում, որ միշտ հիշի, թե ում է պարտական և ումից կախված։
Ահա Եվրոպական հարևանությունն է՝ հետխորհրդային պետություններ, որոնք այդ շան պես պետք է լինեին՝ ԵՄ-ից կապված, բայց ոչ՝ ԵՄ-ում, Եվրոպայի դրսերում՝ բակում ապրող, այլոց /այդ թվում՝ Ռուսաստանին/ մոտ չթողնելով, բայց և ներս չգալով։ Մեկ-մեկ վիզաներ ստանալը հեշտացվում է, ապա նորից՝ դժվարեցվում։ Մեկ-մեկ սկսում են դրամաշնորհներ բաժանել, հետո հանկարծ՝ կտրել /իմ՝ վրաց ընկերների հավաստմամբ, Հայաստանն այդ հարցում անգամ ավելի հեռու է/։
Հնարավոր է, որ մեր հասարակություններում որոշ շերտեր հենց դա են ուզում՝ այդ շան պես ուրիշից կապված լինեն, պարբերաբար մեզ գցվող գումար-սնունդ ուտել, չմտածել, «հաչալ»․ այսօրվա մարդու արժեհամակարգում ինքնասիրությունը, արժանապատվությունը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունն ու հասունությունը ամենադրսևորվող հատկություններից չեն, ցավոք։
Ակնհայտ է, և դա վաղուց է ասվել, որ կա՛մ Եվրոպան պետք է արմատապես փոխվի, որ մեր և մեր պես հետխորհրդային/ազգային մշակույթները Եվրոպայում լինեն, բայց մենք այդպիսի՝ մեզնից գրեթե չտարբերվող «Եվրոպա» արդեն ինքներս չենք ուզենա, կա՛մ՝ մենք արմատապես փոխվենք, սակայն վերջին եռեսուն տարին ցույց տվեց, որ չէ՝ չփոխվեցինք, զուտ ձևացրել ենք․ ի դեպ, շատ հարցերում վատ չէ, որ չփոխվեցինք։
Բայց Եվրոպական ազգերից սովորենք՝ նայենք ոչ թե այլոց, այլ ինքներս մեզ․ փորձենք պաշտպանել սեփական շահերը։ Ինքներս մեր տեղն ունենք, մեր պատմությունն ու արժանապատվությունը․ վերականգնենք, պահպանենք, միմյանց նորմալ վերաբերվենք։
Արթուր Աթանեսյան, քաղաքական գիտությունների թեկնածու