Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերաբերյալ արած մեղադրանքները։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները՝ կապված Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ։
«Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլում Արևմտյան Ադրբեջանի համայնքի մասին կայացրած որոշումների վերաբերյալ դեսպանի մանիպուլյատիվ մեկնաբանությունը զարմանալի և վրդովեցուցիչ է։ Եթե դեսպանը ծանոթ չէ ԻՀԿ-ի ընդունած որոշումների տեքստին, խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ դրանք: Որոշումները, այդ թվում՝ «Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին» բանաձևը, արտացոլում են անվիճելի պատմական փաստեր և հիմնված են միջազգային իրավունքի և արդարադատության սկզբունքների վրա: Այս բանաձևերը պահանջում են արտաքսված ադրբեջանցիների հիմնարար իրավունքների վերականգնում և չեն պարունակում Հայաստանի կողմից կեղծ կերպով ներկայացված և Իրանի դեսպանի բարձրաձայնած տարածքային պահանջները: Բացի այդ, բանաձևը դատապարտում է Հայաստանի կողմից Համայնքի հիմնարար իրավունքների մշտական ժխտումը:
Դեսպանի կեղծ հայտարարությունները, որոնք նախատեսված են Հայաստանի շահերը բավարարելու համար, հատկապես վտանգավոր են, քանի որ դրանք հակասում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը, որը ներկայացված է Ստամբուլում արտաքին գործերի նախարարի մակարդակով և 57 երկրների շարքում աջակցել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերաբերյալ որոշումներին։
Դեսպանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված կանոնավոր և համակարգված սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները»,-ասել է Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է՝ «Արևմտյան Ադրբեջանը» Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար։





