Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, մի ամսից, 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ` կրկին ու կրկին տալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել. գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ նա Գլխավոր դատախազին «հանցագործության մասին հաղորդում» է ներկայացրել՝ հիմնված Հովհաննավանքի քահանա Տեր Արամի՝ Հ1-ի տաղավարում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույյցի ժամանակ հնչեցրած հայտարարությունների վրա։
Իոաննիսյանը գրել է.
Եվ մեզ համար մեկ է, թե ով է ընտրական հանցագործը` քահանա, ոստիկան, փականակագործ, իշխանություն, ընդդիմություն, թե իմ հարազատ եղբայրը (որ չունեմ)` «գործ ենք տալու» ու լավ ենք անելու։
Դա մեր առաքելության մի մասն է։ Երևույթների դեմ պայքարելիս մենք տռենդերով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում։
Հ.Գ. Եվ այո, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է։