Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են Պատարագի ժամանակ: Միասնական աղոթքը` Կաթոլիկ ու Անգլիկան եկեղեցիների գլուխների մասնակցությամբ, խորհրդանշում է նախկին վեճի հաղթահարումը:
Չարլզ III-ը վերջին 500 տարիների ընթացքում առաջին բրիտանական միապետն է, որը կաղոթի Վատիկանում՝ Սիկստինյան մատուռում, Լևոն XIV-ի պապի հետ միասին: Նման բան չի եղել 1534 թվականից ի վեր, երբ Անգլիայի միապետ Հենրիխ VIII-ը իրեն հայտարարեց Անգլիայի եկեղեցու գլուխ, և հարաբերությունները Հռոմի հետ խզվեցին:
Այցի ընթացում Չարլզը կայցելի կաթոլիկ եկեղեցու գլխավոր սրբատեղիներից մեկը՝ Սուրբ Պողոսի աբբայություն, որի ժամանակ նրան կտրվի աբբայության «թագավորի համեղբայր» տիտղոսը, որպես «հոգևոր եղբայրության ճանաչման խորհրդանիշ»։ Չարլզն իր հերթին նմանատիկ տիտղոս կպարգեւի Պապին։
Արարողության ժամանակ միապետը բազմելու է թագավորական զինանշանով հատուկ պատրաստված բազկաթոռին, որը կմնա աբբայությունում, նրա հետագա այցերի համար: Դա հատկապես խորհրդանշական է. ըստ ավանդության՝ այդ եկեղեցու խորանի տակ գտնվում են Պողոս Առաքյալի մասունքները, և համարվում է Հռոմի եկեղեցու գլխավոր սրբատեղիներից մեկը:
Սա աննախադեպ այց է, որը խորհրդանշում է երկու եկեղեցիների՝ Կաթոլիկի ու Անգլիկանի մերձեցման մասին, ինչը քաղաքական ակտ է:
Իսկ ինչո՞ւ են երկու եկեղեցիները ներկա պատմական պահին մերձենում, և ո՞ւմ դեմ են «ընկերություն անելու»:
Իրական իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր քաղաքական ու քաղաքակրթական Իմաստներ են ստեղծում: Կոմունիզմի ու Լիբերալիզմի անկումից հետո սկսել է մեծանալ կրոնական ուսմունքների, բնականաբար, նաև եկեղեցիների դերը: Ֆրանսիական հեղափոխությունից հետո ստեղծված աշխարհիկ գաղափարախոսությունները սպառվում են, Իմաստները նորից սակրալ տեսք են սկսում ստանալ։
Ներկա աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում պայքարը ընթանում է քաղաքակրթությունների միջև, այս իմաստով դիմադրության մյուս կողմն Ուղղափառ եկեղեցին է և իսլամական աշխարհը, առաջին հերթին՝ Շիայականությունը:
Եթե առաջ հեղափոխությունների միջոցով երկրներ էին վերցվում վերահսկողության տակ՝ դրանով լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, ապա հիմա հարվածի տակ են եկեղեցիները։
Առաջին զանգը Ուկրաինայում է հնչել, որտեղ ջարդվում է Ուղղափառ եկեղեցին։ Հիմա հերթը Հայ Առաքելական եկեղեցունն է։
Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու հետ, նույն գունավոր հեղափոխությունն է, նույն տեխնոլոգիաներով։ «Մերժիր Կաթողիկոսին» կարգախոսով ընդամենը եկեղեցին վերահսկողության տակ վերցնելու ու արտաքին կառավարման տակ դնելու գործողության փորձ է։
Հետաքրքիր է, թե ինչու Վատիկան կատարած այցի ընթացքում գործող վարչապետին չսաստեցին քույր եկեղեցու դեմ սկսված հալածանքների համար, այլ ճիշտ հակառակը՝ դրանք ավելի սաստկացան։
Ստեփան Դանիելյան, քաղաքական վերլուծաբան










