ՌԴ կառավարությունը արգելել է Ռուսաստանից բենզինի արտահանումը մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ
Հատկանշական է, որ եթե ս.թ. փետրվարին կառավարությունը արգելել էր արտահանում իրականացնել թրեյդերներին և նավթաբազաներին, ապա այս վերջին որոշմամբ արգելքը տարածվում է նաև արտադրող ընկերությունների վրա. հայտնում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նա ներկայացրել է Ռուսաստանի այդ քայլի հնարավոր հետևանքները.
Այսպիսով, խոսքը ամբողջական էմբարգոյի մասին է:
Որոշումը կայացվել է ներքին վառելիքային շուկայում կայուն իրավիճակ ապահովելու նպատակով՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում պահանջարկի աճի պայմաններում:
Հաշվի առնելով, որ Հայաստանում սպառվող բենզինի «առյուծի բաժինը» ներկրվում է Ռուսաստանից, կարող ենք կանխատեսել գնի որոշակի բարձրացում արդեն առաջիկա օրերին՝ միտում, որը կշարունակվի նաև օգոստոսից հետո:
Այս սցենարից հնարավոր կլինի խուսափել այն դեպքում, եթե Ռուսաստանը, ինչպես 2023 թ.-ին, մեղմացնի նավթամթերքների արտահանման էմբարգոն Հայաստանի համար:
Ճիշտ է, Հայաստանին և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների համար Ռուսաստանը սահմանել էր քվոտաներ, սակայն բենզինը ներկրվում էր սահմանափակ քանակությամբ: Հայաստանը ստիպած էր դիմել Մոսկվային՝ հավելյալ մատակարարումներ իրականացնելու համար: Արդյունքում Ռուսաստանից Հայաստան մատակարարվեց հավելյալ 15 հազ. տ բենզին և 20 հազ. տ դիզելային վառելիք: