Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները հիմա քիչ դեր են խաղում, երբ նրան սպառնում է ցմահ ազատազրկում հարևան Ադրբեջանում. այս նախաբանով ծավալուն հոդված է գրել BBC Հարավային Կովկասի թղթակից Ռայհան Դեմիտրին։
Հոդվածը Azg.am-ը ներկայացնում է՝ թարգմանելով բնագրից։
Երկու հարևան կովկասյան երկրները Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տեւած հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, սակայն Ռուբեն Վարդանյանը և 15 հայ առաջնորդներ համաձայնագրի մաս չեն կազմում:
Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում։
56-ամյա ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Վարդանյանին առաջադրված է 42 մեղադրանք, այդ թվում՝ պատերազմ պլանավորել և վարել, շահադիտական գործունեություն և ահաբեկչություն։
Դատարանում նրա տեսքից երևում էր, որ նրա ճակատին կապտուկներ կան. խոշտանգումների մասին մեղադրանքներ են հնչել, որոնք Ադրբեջանը հերքել է։
Վարդանյանը հերքեց, որ տեղյակ է որևէ հանցավոր գործունեության մասին։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց Խորհրդային Ադրբեջանի կազմում։
Նրա որդին պնդում է, որ հայրը Լեռնային Ղարաբաղ է գնացել տեղի հայերին օգնելու ցանկությունից ելնելով։
«Մեր ընտանեկան վերջին խնջույքին վիճեցինք, ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում ամբողջ ընտանիքը: Նա ասաց, որ ինքն իր հետ չի հաշտվի՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»,-պատմել է որդին:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց և 24 ժամում վերահսկողության տակ վերցրեց ամբողջ տարածքը։
Լեռնային Ղարաբաղի ղեկավարները կապիտուլյացիայի ենթարկեցին, և ավելի քան 100.000 էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները:
Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանական իշխանությունների կողմից, երբ նա միացել էր դեպի Հայաստան զանգվածային արտագաղթին:
Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պատշաճ դատական գործընթաց:
Ղարաբաղի 15 նախկին ղեկավարները նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում 1980-ականների վերջից ի վեր կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:
Դատավարությունները նկարահանելու թույլտվություն է ստացել միայն Ադրբեջանի գլխավոր պետական հեռուստաալիքին։
Ադրբեջանը պնդում է, որ ամեն ինչ համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին։ Սակայն անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հրամայեց փակել Միջազգային Կարմիր Խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպությունը, որը հասանելի է հայ բանտարկյալներին:
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել «հայ պատանդների ապօրինի կալանավորման եւ կեղծ դատավարությունների մասին»՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։
Մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված պատմական խաղաղության համաձայնագրի ստվերում կմնա:
Մանրամասները դեռ պետք է հրապարակվեն, սակայն պաշտոնյաներն ասում են, որ տեքստի նախագիծը չի ներառում դատավարության մեջ գտնվող բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի` իրենց տները վերադառնալու իրավունքը:
Բանտարկյալների մասին չհիշատակելը հանգեցրել է նրան, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության քննադատում են երկրի ներսում և արտերկրում:
Իսկ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է առանձին լուծվի:
«Դա խաղաղության պայմանագիր է հակամարտող երկրների միջև։ Անձամբ ես կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղբանտարկյալների հարցը լուծելու համար: Ես դա անելու այլ ճանապարհ չեմ տեսնում»:
Վարդանյանը զգուշացրել է, որ դա սխալ մոտեցում է։
«Սա միայն իմ և ևս 15 հոգու դատը չէ, սա ողջ հայության դատն է», – ասել է նա ձայնային ուղերձում:
«Եթե դուք սա չեք հասկանում, դա մեծ ողբերգություն է, քանի որ սա պատմության ավարտը չէ, հակամարտության ավարտը չէ, դա միայն հակամարտության հաջորդ փուլն է բոլոր կողմերի համար»: