Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։
Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:
Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:
Մատենագրական աղբյուրներում Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։
«Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։ Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։
Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը» (աղբյուր՝ monumentwatch.org):