Ավարտվել է բռնազավթված Ստեփանակերտում իբր ահաբեկչության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը։ Այն տեղի է ունեցել Գանձակի ծանր հանցագործությունների դատարանում։
Նիստից հետո ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ Կարեն Ավանեսյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական լրատվամիջոցներն հորինվածքներ են հրապարակում, որոնց հիման վրա էլ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից, Արցախի հայաթափումից հետո բռնազավթված Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանին կեղծ մեղադրանք է առաջադրվել։
Ադրբեջանական կողմի կեղծ մեղադրանքը հետևյալն է.
Այս տարվա սեպտեմբերի 14-ին Կարեն Ավանեսյանը դուրս է եկել իր տնից և ուղևորվել Խանքենդի քաղաքի մոտ գտնվող անտառապատ տարածք, որտեղ թաքցրել էր Կալաշնիկովի ինքնաձիգ՝ չորս փամփուշտատուփով և հինգ ձեռքի նռնակով։ Նրա նպատակն էր մոտենալ քաղաքում անցկացվող միջոցառման վայրին։ Երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել նրան, Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել, կրակ է բացել իր ինքնաձիգով և նետել երեք ձեռքի նռնակ։ Պատասխան կրակի ժամանակ նա վիրավորվել է և ձերբակալվել։





