«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խուսափում է Ամանորի շեմին հաշվարկներ և թվեր ներկայացնել՝ որքան գումար է տոնական օրերին ծախսում միջին վիճակագրական հայ ընտանիքը։ Ըստ նրա՝ ամեն անգամ, երբ Նոր տարվա ծախսերի մասին ենք խոսում, պետք է իմանանք, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկին ցավեցնում ենք։
«Ինչո՞ւ եմ խուսափում. որովհետև միջին վիճակագրական հայ ընտանիքներում Նոր տարվա ծախսերը էականորեն տարբերվում են։ Պատճառն այն է, որ ընտանիքի անձերի միջին գործակիցը 3,5 է, բայց էականորեն տարբեր է ընտանիքի հյուրերի թվաքանակը։ Մասնավորապես, 2015 թվականին մենք Երևանում հետազոտություն ենք իրականացրել, որի ընթացքում պարզել ենք՝ կան ընտանիքներ, որոնք Ամանորին ընդամենը 10-12 հյուր են ունենում, և կան ընտանիքներ՝ 60-ից ավելի։
Քանի որ շեղումը շատ մեծ է, էականորեն տարբեր են լինում նաև ընտանիքների ծախսերը։ Այդ է պատճառը, որ մենք ծախսերը չենք հաշվարկում»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասաց Պիպոյանը։
Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի՝ դեռ 2019 թվականի հարցումներով էլ ՀՀ քաղաքացիները Նոր տարվա համար ծախսել են 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ։
«Ընդ որում՝ հարցին, թե ինչ են պատրաստվում սեղանին դնել, բոլորը թվացյալ նույն ուտեստներն են նշել՝ խոզի ազդրամիս, նրբաբլիթ, տոլմա և այլն։ Բայց հարցն այն է, որ քիչ թվով հյուրեր ունեցողներն, օրինակ գնել են 3, շատ հյուրեր ունեցողները՝ 10 կիլոգրամանոց ազդրամիս։ Նույնը վերաբերում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների քանակությանը, ընդեղենին և այլն։
Շատ վատ ևս մեկ օրինակ. մենք ապրում ենք սոցիալական այնպիսի պայմաններում, որ գնված ապրանքատեսակներն իրարից խիստ տարբերվում են. մի կողմից հասարակության մի հատվածը քննարկում է կոկորդիլոսի միսը, այն դեպքում, երբ նույն հասարակության մեջ կան շերտեր, որոնք ամենասովորական տավարի միս գնելու հետ կապված խնդիր ունեն։ Հենց սա էլ տոներին ընդառաջ ազդում է մարդկանց տրամադրության վրա»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ հենց հասանելիության լուրջ խնդրի ֆոնին էլ իրենք որոշել են Նոր տարվա միջին ծախսերը չհաշվարկել՝ չնայած, որ ՀԿ-ն որոշ թվեր այնուամենայնիվ առանձնացրել է։
«Հաշվի առնելով, որ աղքատության շեմը Հայաստանում ոչ թե նվազում է, այլ տեղում դոփում է կամ աճում, մենք մարդկանց տրամադրությունը չփչացնելու տեսանկյունից ապրանքատեսականու թվարկում չենք կատարում։ Նորից եմ կրկնում՝ մեկի համար ընդաղենը բրազիլական ընկույզից սկսած՝ ամենաթանկ չամիչն է, մյուսի համար կես կիլոգրամ հայկական սովորական ընկույզ գնելն անգամ ճոխություն է։
Դրա համար ես մեր փորձագիտական հանրույթին ևս հորդորում եմ չգայթակղվել թվերի հրապարակմամբ։ Իհարկե, թվերն ինչ-որ մարդկանց համար հետաքրքիր են, բայց բարոյահոգեբանական առումով մեր շատ հայրենակիցների վրա ծանր ազդեցություն են ունենում. յուրաքանչյուրն ինչպես կարողանում, այնպես էլ Ամանորը նշում է»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը՝ ազգաբնակչությանը խորհուրդ տալով ուշադիր լինել հատկապես տարեվերջյան ակցիաներին և գնել այնքան սննդամթերք, որքան ունակ են սպառելու՝ ոչ ավելին։