Christian Solidarity International (CSI) կազմակերպության ներկայացուցիչներին չեն թույլատրել այցելել չորս կալանավորված հայ հոգևորականներին և նրանց կողմնակիցներին. այս մասին շաբաթ օրը Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց կազմակերպության հանրային քարոզչության տնօրեն Ջոել Վելդկամպը՝ նշելով, որ իրենք նման խնդրանք էին ներկայացրել արդարադատության նախարարությանը։
Վելդկամպը, որը Հայաստանում է երկրի առաջին՝ «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցելու նպատակով, ասաց, որ մերժումը ստացվել է այն բանից հետո, երբ CSI-ը պաշտոնապես դիմել էր հանդիպելու արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին և մյուսներին։ «Մենք դիմել էինք արդարադատության նախարարություն, և այսօր մեզ տեղեկացրին, որ դիմումը մերժվել է»,- ասաց նա։ «Մենք ցանկանում էինք տեղեկանալ նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի մասին և տեղեկություններ հավաքել մարդու իրավունքների զեկույցի համար»,- ասաց Վելդկամպը։
Ուրբաթ ՍիվիլՆեթի հետ զրույցում Վելդկամպն ասել է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների և նրանց կողմնակիցների ձերբակալությունները ավելի շուտ քաղաքական դրդապատճառ ունեն, քան իրավական։ «Մեզ համար բավական պարզ է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը Հայ առաքելական եկեղեցուն դիտում է որպես ուժի մրցակից կենտրոն,- ասել է նա։- Հայոց եկեղեցու նկատմամբ այս մասշտաբի հարձակումն ապշեցուցիչ է»։
Վելդկամպը, վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին, ընդգծել է, որ մի շարք մեղադրանքներ չափազանցված են կամ հիմնված կեղծված ապացույցների վրա։
Նա նշել է, որ նմանատիպ հետապնդումները փոթորկալից արձագանք կառաջացնեին արևմտյան երկրներում։ «Պատկերացրեք՝ եթե նախագահ Թրամփը կամ Բայդենը բանտարկեին հոգևորականների նրանց քաղաքական գործունեության համար։ Արձագանքը աներևակայելի կլիներ»,- ասել է նա։
Նա հերքել է այն պնդումները, թե Հայ առաքելական եկեղեցին «ռուսական ազդեցության տակ» է՝ այդ խոսակցությունները որակելով լռությունը արդարացնող պատրվակ։ «ԱՄՆ քրիստոնյա պահպանողականները չպետք է զարմանան, երբ մարդկանց ապօրինաբար մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի մեջ։ Դա վերջին տասը տարվա ամերիկյան քաղաքականության հիմնական թեմաներից մեկն է»։
Շաբաթ օրը Երևանում կառավարության նախաձեռնությամբ կայացած առաջին «Աղոթքի նախաճաշին» մասնակցել են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ «կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգում է եղել»։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «Ազատությանն» ասել է, որ «Աղոթքի նախաճաշը» «որևէ կապ չունի Մայր Աթոռի կազմակերպչական աշխատանքների հետ»: Ըստ նրա՝ Մայր Աթոռը մասնակցության հրավեր ստացել է՝ Դանիել եպիսկոպոսն է ներկա եղել՝ կարճ ժամանակով. «Մեկ պանելային քննարկմանը, Մայր Աթոռից մասնակցությունը էդքանով է եղել»:
Վելդկամպն ընդգծել է, որ «Աղոթքի նախաճաշի» և ձերբակալությունների համադրությունը չափազանց խոսուն է։ «Թվում է՝ կառավարությունը ցանկանում է միջազգային հարթակում ներկայանալ որպես հավատքի պաշտպան, բայց ներքին կյանքում կտրում է Հայ եկեղեցու թևերը»,- ասել է նա։





