Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»:
Սա նրա այն կեղծիքն է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (…) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք է»:
Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ:
Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով:
Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։
Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են:
Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից: