Ապրիլի 2-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորին բռնել իրեն դավաճան անվանած Կարեն Մկրտչյանի ձեռքերը, նրան հայհոյել է ու թքել երեսին։
Ընդդիմադիրների ՄիՊ թեկնածու Էդգար Ղազարյանն ԱԺ-ում անդրադարձել է միջադեպին ու հայտնել, որ Ալեն Սիմոնյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ կարգադրել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրականացնել գործողություն:
Սա ևս մի ենթադրյալ հանցագործություն է, որ կատարել է Ալեն Սիմոնյանը. նկատել է Էդգար Ղազարյանը։
«Եվ եթե նա իր իրական դիրքը նրանց նկատմամբ չարաշահել է, դա մյուս հանցագործությունն է, որն օրենքով հստակ նկարագրված է: Եվ կա իր բախտից նաև երրորդ հանցատեսակը, որն օրենքը նկարագրում է, դա 441 հոդվածն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված՝ ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:
Ի դեպ, այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը ևս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն, նա նշել է, որ երեկ իբր բռնության է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Վարչապետի որդին հատուկ Պետական պաշտպանության անձանց անվտանգության ապահովման մասին օրենքով (ոչ միայն վարչապետը, այլև նրա ընտանիքի անդամները) հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ, և եթե պետական պահպանության օբյեկտի նկատմամբ իրականացված լիներ որևէ հանցագործություն, բռնություն, ապա այդ մասին հաղորդագրություն անպայման պետք է տարածեր ՊՊԾ-ն, Ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն: Իսկ քանի որ նման հայտարարություններ չկան, ապա նշանակում է, որ ԱԺ նախագահի տեղեկություններն առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերն այլ աղբյուրից ստացված տեղեկատվության վրա»,- մեկնաբանեց խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը: