Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։
Ինչպես հայտնի է, Ագրարային համալսարանի դասախոսական անձնակազմը դեմ է այդ որոշմանը, և բուհի աշխատակիցներն այդ առնչությամբ այսօր գործադուլ և բողոքի ակցիա են իրականացրել: Ագրարայինի դասախոսները ոստիկանական ուժերի ուղեկցությամբ համալսարանից նախ քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք։
Կառավարության դիմաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանն տեղեկացրելէ, որ կառավարությունում կընդունեն համալսարանի 5 ֆակուլտետի դեկանների, և վերջիններս կներկայացնեն իրենց խնդիրները և համապատասխան դիմում կներկայացնեն։
Արմենակ Տեր-Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ Ֆրանսիական համալսարանին տրամադրվող մասնաշենքում 42 լսարան և բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ կան, ինչը կխաթարի համալսարանի բնականոն գործունեությունը։
Ըստ նրա՝ տվյալ մասնաշենքում են տեղակայված նաև եզակի կարևության լաբորատորիաներ, որոնք տեղափոխման ենթակա չեն. լաբորատորիաների ապամոնտաժման պարագայում անհնար կլինի իրականացնել համալսարանի կազմակերպված կրթական ծրագրերը։
«Մենք մեր առաջարկություններն ու մտահոգությունները ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից։ Որոշման նախագիծն ուղարկվել է մեզ, մենք քննարկել ենք, ունենք հիմնավորված առարկություններ»,- նշեց Տեր-Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։