Հաշվարկը թերեւս այն է, որ մարդիկ չեն կարդալու ուշադիր: Հետեւաբար, ուշադրությունն այսօր որոշակի իմաստով հավասարազոր է ինքնապաշտպանության:
Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել Ուժեղ Հայաստանի խորհրդի անդամ նարեկ Կարապետյանի դեմ, այն հիմքով, թե նա իբրեւ թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունեցած լինելու փաստը՝ պատգամավորի թեկնածու գրանցվելիս:
Այս «մեղադրանքը» դաշտ է նետվել արտաքին ինֆորմացիոն աղբյուրից, որը վերցրել եւ օգտագործում է իհարկե կառավարող ուժը, եւ ինչպես տեսնում են՝ օգտագործում է ոչ միայն պարզապես քարոզչական առումով, այլ նաեւ փորձում է տեղափոխել իրավական գործիքակազմի կիրառման դաշտ:
Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել էր, որ երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն եւ տարածում են ՌԴ քաղաքացիության մասին կեղծ տեղեկություն:
Բայց քննչական կոմիտեն այսօր հայտարարել է վարույթ հարուցելու մասին: Ընդ որում, այդ հայտարարությունները տեղեկատվա-քարոզչական հմտությամբ կառուցվում են այնպես, որ լսողի գլխում մնում է մի նստվածք՝ մեղադրական եզրակացության: Այլ կերպ ասած, այդ ամենի նպատակը հանրության մոտ հենց այդ նստվածքը ձեւավորելն է, որովհետեւ մարդկանցից ոչ բոլորն են, որ ամբողջապես կարդում են այդ հաղորդագրությունները, կամ կարդում են իրավական մեդիագրագիտության անհրաժեշտ պատրաստվածություն ունենալով, կամ կարդում են հանգամանալից ուշադրությամբ:
Ահա, հենց այդ ամենի վրա են հաշվարկվում այդօրիակ քայլերը, որ հանրությունը այդօրինակ ինֆորմացիաները սպառելու է հպանցիկ, հետեւաբար մնալու է «մեղադրանքի» եզրակացությունը:
Սա իհարկե միտված է թե հոգեբանական ներգործության, թե նաեւ ընդդիմության համար ռեսուրսային լրացուցիչ ծաննրաբեռնվածություն ավելացնելուն:
Որովհետեւ, ընդդիմադիր ուժերն այդօրինակ քարոզչական գործողությունների դեմ պայքարին պետք է տրամադրեն շատ ժամանակ, էներգիա, որը կարող էին ուղել հանրության հետ առավել պրոդուկտիվ խոսակցությանը: Բայց, ստիպված են լինելու հերքել վերագրվող տեղեկությունները, բացատրել հանրությանը, որ այդ ամենը անհիմն է, եւ այլն:
Սակայն, մյուս կողմից, կարծում եմ այլ բան սպասելի էլ չէր, հետեւաբար ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն այդ տրամաբանությամբ դիմակայությանն ու պայքարին: Հասկանալի է, որ կառավարող համակարգը վերարտադրության համար կիրառելու էր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, անկախ իրավաչափությունից եւ համաչափությունից:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









