Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցի ընթացքում ասաց Անվտանգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ կատարելու ենք և բարեփոխելու ենք համակարգը, համակարգը դիմադրել է բազմաթիվ բարեփոխումների»,–ասաց նա։
Նրա կանխատեսմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ունենալու է Լևոն Տեր–Պետրոսյանի ճակատագիրը։ նա նշեց, որ նրանք ովքեր կանխատեսում էին, թե հետընտրական գործընթացներ են լինելու, հիմնականում ելնում էին իրենց փորձից։
«Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել կարգավորման գործըթնաց է սկսել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբջանի գործոնը և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ սուվերեն տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,–ասաց նա և նշեց, որ դիվանագիտական ճանապարհով գնում են լուծման, լուծման ճանապարհին են։
«Ի դեպ այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք»,–ասաց նա և նշեց, որ ադրբեջանցիները կամաց–կամաց գնում են։
«Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու և պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու մասին»,–ասաց նա և նշեց, որ ֆինանսների առումով նույնիսկ արդյունավետություն կա։
Արմեն Գրիգրոյանը միանշանակ համարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, քանի որ կարգավիճակի հարցը կարգավորված չէ։ Նրա համոզմամբ՝ ինչ–որ մի պահի Ալիևն էլ է բանակցելու։ Նա նաև համոզված է, որ 4-5 տարի հետ ռուսները չեն գնա։