Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արյան վրեժ է հայտարարել Պետդումայի պատգամավորներ Բեկխան Բարախոևի, Ռիզվան Կուրբանովի, ինչպես նաև սենատոր Սուլեյման Քերիմովի դեմ։ Կադիրովը պնդում է, որ Wildberries ընկերության շուրջ կոնֆլիկտի պատճառով նրանք ավելի վաղ պատվիրել են իր սպանությունը։
«Նրանք ունեն իրենց բիզնեսները, և նրանք ոչ միայն խլել են Տատյանա Կիմի բիզնեսը, այլ նույնիսկ հրամայել են սպանել ինձ», – հայտարարել է Կադիրովը Չեչնիայում հանրապետության անվտանգության ուժերի հետ հանդիպման ժամանակ: Տարածաշրջանի ղեկավարը պնդում է նաև, որ Քերիմովն իրեն վերացնելու համար առաջարկել է 100 միլիոն (արժույթը չի նշում)։
Կադիրովը հավելել է, որ արյան վրեժ է հայտարարում նշված անձանց նկատմամբ, սակայն պատրաստ է դադարեցնել այն, եթե նրանք ապացուցեն իրենց անմեղությունը և հերքեն մեղադրանքները։