Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գործարար Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել է ուսումնասիրել Wildberries շուկայի և արտաքին գովազդի օպերատոր Russ Outdoor-ի միաձուլմանն առնչվող իրավիճակը։
Քաղաքական գործիչը տեղի ունեցածը անվանել է «բացահայտ և հանդուգն ռեյդերային զավթում»: Դրանում նա մեղավոր է համարում Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրներին, ինչպես նաև «մի քանի հայտնի կովկասցիների»։
էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ընկերությանը տիրանալու մասին տեղեկությունը և հայտարարել ամուսնուց բաժանվելու մասին, գրում է Коммерсантъ-ը։
Կադիրովն իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, թե հունիսի սկզբից «իրավական մեքենայությունների ճանապարհով» Wildberries-ի ակտիվները Russ Outdoor ընկերության միջոցով «հապճեպ անցել են ուրիշի ձեռքում»։ «Ես գիտեմ, որ այս ռեյդերական գործընթացի լծակները եղբայրներ Լևան և Ռոբերտ Միրզոյանների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում են»,- հավելել է Կադիրովը։
Ինքը՝ Տատյանա Բակալչուկը, հայտնել է, որ Wildberries-ի և Russ Outdoor-ի միաձուլումը ռեյդերային զավթում չէ։ «Սա բաժանություն է»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում՝ կցելով Վլադիսլավ Բակալչուկի և Ռոբերտ Միրզոյանի հետ համատեղ լուսանկարը։ «Ի սկզբանե ամեն ինչ համաձայնեցված էր Վլադիսլավի հետ, նա նոր կառույցի բարձրագույն ղեկավարության հետ անձամբ ներկա է եղել միավորված ընկերության շնորհանդեսին», – հայտարարել է Բակալչուկը:
Wildberries-ում հայտարարել են, որ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ «Ամուսնալուծության գործընթացի մանրամասները և զգացմունքային մանրամասները գործարար պարբերակաների համար հետաքրքրություն չեն ներկայացնում», – հայտնել է մամուլի ծառայությունը։
Ըստ հանրամատչելի տվյալների՝ 2020 թվականի ամառվանից Russ Outdoor-ի 73,6%-ը պատկանում է «Стинн» ՍՊԸ-ին, դրա շահառուներն են եղբայրներ Լևան և Ռոբերտ Միրզոյանները, ինչպես նաև Ինգուշեթիայից Միացյալ Ռուսաստան խմբակցության Պետդումայի պատգամավոր Բեկխան Բարախոևը։
Ռամզան Կադիրովը Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել է կարգավորել Wildberries-ին առնչվող իրավիճակը։ Կադիրովը նշել է, որ Russ Outdoor-ի շրջանառությունը «հարյուր անգամ պակաս» է, քան Wildberries-ը, և այս ընկերությունը զբաղվում է բոլորովին այլ բիզնեսով՝ գովազդով։