Իմ տեղեկությամբ մենք խոսում ենք ոչ թե «Շողակաթ» ՀԸ փակման, այլ մրցութային գործընթացով նման բովանդակություն ստանալու մասին, և կարծում եմ՝ բուն բովանդակության փաստն ամենևին վտանգված չէ, որովհետև բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական-մշակութային-հոգևոր, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Փոխվում է եղանակը՝ ինչպես ստանալ այդ բովանդակությունը. դա արվելու է մրցութային եղանակով։ Մենք նաև պետք է շատ լավ պատկերացնենք, թե որ հարթակներն են որ ավելի ազդեցիկ և պահանջված են այդ տարիքային խմբերի կողմից։ Եթե մենք իրենց համար բովանդակություն ենք պատրաստում, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մեր դեռահասների շատ ավելի փոքր մասն է, որ հեռուստացույց է դիտում, և մենք պետք է շատ լրջորեն մտածենք այն հարթակներում այդ բովանդակությունը տարածելու, որոնք լսարանին հասնելու ավելի շատ հնարավորություն ունեն»,- ասաց նախարարը։
Հարցին՝ ինքը արդյունավետ համարո՞ւմ էր «Շողակաթ» ՀԸ բովանդակությունը, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց՝ չի կարող իրեն իրավունք վերապահել գնահատական հնչեցնել, քանի որ հեռուստացույց չի հասցնում դիտել։
Հաջորդ հարցին՝ չի՞ վախենում, որ պատմության մեջ կմնա որպես «Շողակաթ»-ին հանրային հեռարձակումից զրկելու՝ իշխանության գործողությունների աջակից, նախարարը կրկնեց՝ չի կարծում, թե այդ ալիքի բովանդակությա հետ որևէ բան տեղի կունենա։
«Կարծում եմ՝ մրցութային գործընթացները թույլ են տալիս նոր ու թարմ գաղափարներ բերել։ Ես համարում եմ, որ սա մի գործընթաց է, որտեղ մեր վերջնական նպատակը պետք է լինի լսարանին ավելի որակյալ արտադրանք տալը»,- ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։
ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3-ից դարձնելով 2-ը։ Նշենք, որ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին։
խոսում ենք ոչ թե «Շողակաթ» ՀԸ փակման, այլ մրցութային գործընթացով նման բովանդակություն ստանալու մասին





