Ներկայումս շատ է խոսվում էներգետիկ խնդիրների մասին, մասնավորապես` գազի հնարավոր թանկացման, ատոմակայանի աշխատանքի երկարաժամկետ` մոտ 140 օր դադարեցման պատճառների եւ այլնի մասին: 2021 թ. նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի մոտ 330 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա: Սակայն հայտնի պատճառներով այն պետք է արտադրվի ՋԷԿ-երի հաշվին: Հետեւաբար անհրաժեշտ է հաղթահարել որոշակի դժվարություններ:
Այժմ ներկայացնեմ մի շարք նկատառումներ, որոնք անտարակույս կօգնեն մեզ որոշ չափով մեղմացել էներգետիկ վիճակը:
Կենցաղում էլեկտրական էներգիան հիմնականում օգտագործվում է լուսավորության, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ լսելու եւ դիտելու, էլեկտրական տարբեր սարքերի (փոշեծծիչ, լվացքի մեքենա, սառնարան) բանեցման, սննդի պատրաստման համար: Լվացքի մեքենան կարող է արդյունավետ աշխատել միայն լրիվ բեռնվածությամբ շահագործվելու դեպքում: Փոշեծծիչները համեմատաբար քիչ էներգիա են պահանջում, երբ աշխատում են առանց գերբեռնման: Սառնարանի դռները երկար ժամանակ չպետք է բաց վիճակում մնան եւ հերմետիկ փակված լինեն:
Ջրի ծորակը փակ եւ սարքին վիճակում լինելու դեպքում եւս էներգիայի խնայողություն կունենանք: Լուսավորության համար պետք է էլեկտրական էներգիան օգտագործվի այն դեպքում, երբ ցերեկային բնական լույսը չի բավարարում: Բնակարանների ներքին լուսավորությունը կախված է կահավորումից, կահույքի դասավորությունից, գույնից եւ այլն: Կարեւոր նշանակություն ունի նաեւ ապակիների մաքրությունը, պատերի լուսավոր երանգները, վարագույրները: Այս պայմաններն ապահովելու դեպքում բնակարաններում եւ հասարակական այլ վայրերում էլեկտրական լուսավորության կարիքը կզգացվի համեմատաբար ուշ ժամերին:
Կենցաղում լայն տարածում են գտել սովորական շիկացման լամպերը, սակայն դրանք ԼԵԴ խնայողական լամպերով փոխարինելու դեպքում կունենանք զգալի խնայողություն:
Սննդի պատրաստման ժամանակ խոհանոցի ամանեղենի ճիշտ ընտրությունը կարեւոր նախապայման է էներգիայի խնայողության համար: Խորհուրդ չի տրվում մեծ ամանների մեջ պատրաստել քիչ քանակի կերակուր: Ամանը, որի մեջ կերակուր է պատրաստվում, պետք է ունենա հարմար կափարիչ: Այդ ձեւով կարող ենք խնայել էներգիայի մինչեւ քսան տոկոսը: Անհրաժեշտ է օգտագործել հարթ հատակ ունեցող կաթսաներ: Խորդուբորդ հատակի դեպքում էներգիայի շուրջ 30 տոկոսը կորչում է անօգուտ: Առաջարկում եմ դիտարկել հնարավորությունը եւ ուսումնական հաստատություններում մտցնել նոր առարկաՙ «Էներգախնայողության հիմունքներ»: