Կար ժամանակ, երբ մեր երկիրը, արեւմտյան, այսպես կոչված, դիտորդների բնորոշմամբ՝ գտնվում էր նորանկախ՝ նախկին սովետական մյուս երկրների ցուցակում՝ որպես «երիտասարդ դեմոկրատիա»։ Պետական մարմինները եւ հասարակական կազմակերպությունները շատ զգայուն էին մամուլի ազատության վերիվայրումների նկատմամբ։ Մամուլը համարվում էր, իրավամբ, ժողովրդավարության գլխավոր բարոմետրը։
Անցնող 34 տարիներին բնավ հեշտ չի եղել մեր տպագիր մամուլի եւ մյուս լրատվամիջոցների կայացման ու զարգացման ճանապարհը. սպառնալիքներ, փակման որոշումներ, հալածանքներ, ծեծեր, նույնիսկ՝ սպանություն։ Եվ այդ պայմաններում մեր մամուլի մարդիկ՝ խմբագիրներ ու լրագրողներ, անասելի դժվարությամբ են հաղթահարել խոսքի ազատության իրենց ճանապարհը, ուղի հարթել դեպի Չորրորդ իրենց սահմանադրական դիրքեր, երբեմն սայթաքել են, երբեմն հազիվ են ոտքի կանգնել ու շարունակել իրենց առաքելությունը։
Եվ այս պայմաններում ինձ համար անակնկալ էր Ազգային ժողովի ամբիոնից լսել Ռուբեն Ռուբինյանի խոսքերը՝ ուղղված մամուլի մարդկանց. «Մենք ձեզ տվել ենք ազատություն, մնացեք այդ սահմաններում, իմացեք ձեր չափը»։
Հազվադեպ եմ առցանց հետեւում խորհրդարանի նիստերին, սակայն ուշադիր հետեւեցի վերոհիշյալ անձի ղեկավարությամբ ընթացող վերջին նիստին։ Լսել էի, որ զարգացած երիտսսարդ է, դրսում էլ կրթություն է ստացել եւ գլխավորում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հանձնաժողովը։ Ուզում էի ճանաչել մարդուն եւ… լսեցի մամուլին ազատություն շնորհած լինելու պատեհությունը՝ լռելյայն հասկացնելով, որ շնորհվածը կարող է հետ վերցվել, եթե…
Այ նորելուկ, գեթ հայրիկիդ հարցնեիր, թե ինչպես են մամուլի մարդիկ, խմբագիրներ ու լրագրողներ քայլ առ քայլ, սանտիմետր առ սանտիմետր, իրե՛նք են նվաճել խոսքի ազատության սահմանները՝ միջազգային դիրք ու հեղինակություն ապահովելով մեր պետության համար։ Դա շնորհ չէ, այլ նվաճում՝ ինքնազոհողություններով։
Իմ գործընկեր Արամ Աբրահամյանը, քիչ է ասել, որ անկախության շրջանի մեր սյուներից է. նա հիմնադիր առաջամարտիկ է թե՛ որպես տպագիր մամուլի՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, թե՛ հեռուստատեսության՝ ես կասեի դասական ծրագրերի. երաժշտագիտական թե հարցազրույցաբանավիճային։ Միաժամանակ, նա ահա արդեն քանի տարի Մանկավարժական համալսարանում լրագրողների սերունդներ է աճեցնում։ Եվ այդ բոլորը՝ առանց հետամուտ լինելու որեւէ տիտղոսի, շքանշանի ու պաշտոնական գնահատականների։
Վերեւում հիշեցրի, ոչ միայն ռուբինյանների համար, տարիների ընթացքում լրագրողների կրած ֆիզիկական ցավի մասին նաեւ։
Հիշեցնեմ տարիներ անց ընդամենը քմծիծաղ առաջացնող մի դրվագ։ 1995 կամ 96 թթ.ին Արամ Աբրահամյանի վրա հարձակվել էին ու խոշտանգել, կլինիկական վիճակի հասցրել իր գրած ինչ-որ հոդվածի համար։ Նրանից շուրջ մեկ ամիս հետո գիշերով աշխատանքից տուն վերադառնալիս վերելակ մտնելիս ինչ-որ անծանոթ տղա հարվածեց դեմքիս, ջարդեց ակնոցս, որի ապակիները բարեբախտաբար անբեկանելի էին (սա էլ մի այլ պատմություն), բայց պաշտպանվելու հնարավորություն չունենալով՝ կրածս հարվածներից մի քանի օր, ինպես ասում են արեւմտահայերը, անկողնոյ ծառայեցի։
Այդ օրերին Արամը Ազգային հեռուստատեսությամբ վարում էր բավական ժողովրդականություն վայելող «Դեմ առ դեմ» հաղորդումը։ Հարձակումից հետո նա ինձ հրավիրեց հեռուստաետսություն՝ հարցազրույցի։ Եվ հենց դա առիթ տվեց՝ դժբախտաբար այժմ հանգուցյալ մեր հրաշալի գործընկեր Հովհաննես Գալայճյանին «Իրավունք» թերթի իր «Փանջունու անկյուն» սյունակում այդ հարցազրույցը վերնագրել՝ «Ծեծ առ ծեծ», ի դիմաց «Դեմ առ դեմի»։
Այո, բնավ հեշտ չի եղել մեր մամուլի ընթացքը։ Բայց նրան հաջողվել է ստեղծել մի մակարդակ, որը առաջին հերթին չի գոհացնում մեզ՝ լրագրողներիս, սակայն նկատի ունենալով ֆինանսական մեր խեղճուկ վիճակը, ընթերցողների սակավությունը, մեր կախվածությունը զանազան հիմնադրամների (մեր պարագայում), առավել եւս՝ կազմակերպությունների թելադրանքից, շարունակելու ենք հետամուտ լինել բարձր պահելու մեր հեղինակությունը նվաճված, հույս չունենալով ներկա՝ գործող կառավարության աջակցության վրա, որը թեեւ իրեն համարում է եվրոպական արժեքների կրող, սակայն ոչինչ չի անում նմանվելու համար եվրոպական երկրներին, որոնք տպագիր մամուլին գիտեն օգնել անուղղակի կերպերով, առանց թելադրանքների ու քաղաքական ուղղորդումների, պարզապես գիտենալով, որ տպագիր մամուլի ընթերցողը այլ որակի քաղաքացի է, գիտակի՛ց որակի, որի առկայությունը անհրաժեշտ է երկրի գործադիր եւ օրենսդիր, նաեւ իրավադատական համակարգի առողջության, հակակշռության եւ հավասարակշռության՝ այսինքն ներպետական ամրության համար։
Եվ այս ֆոնին պատկերացրեք, որ պետական ինչ-որ մարմին, Պետգույքի վարչություն, որի «քաջագործություններին» ինքս ծանոթ եմ դեռեւս 2022 թ.ից, երբ 1990 թ.ից «Ազգ» թերթի վարձակալած տունը դարձած, այն երկու անգամ հիմնավորապես նորոգած խմբագրատունը, վարձակալական գնի մեքենայություններով դուրս հանեց Հանրապետության 27 շենքից, որպեսզի այն դարձյալ կասկածելի մախինացիաներով հանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տնօրինության։
Նիկոլական նույն մեքենայության հետեւանքով, իմ տպավորությամբ՝ նույն մեքենայության այսօր թիրախ է դառնում մեր հնագույն թերթերից «Առավոտի» խմբագրատունը, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայի սկզբում, իր ստեղծման առաջին օրվանից ծանոթ որպես «Մամուլի շենք», մեր առաջին թերթի՝ «Ազդարարի» հիմնադիր Շմավոն քահանա Շմավոնյանի (քիչ վախենալիք) կիսանդրին մուտքին, իսկ աջ մուտքին բացվող Պարբերական մամուլի տպարանից մինչեւ բակ ու մեծ տարածություն ընդգրկող «Տիգրան Մեծ» տպարանի տարածքով, որտեղ տպվել են մեր բոլոր թերթերը՝ սովետական ժամանակներից մինչեւ մեր օրերը տպվող բազմատեսակ գրքերով։
Այսինքն՝ քաղաքի կենտրոնում մի «քյալամ» տարածք, որը, ինչպես մեր համալսաններն ու կրթական այլ հաստատությունները, նույնիսկ Ակադեմիան, գտնվում են սեփականացման նիկոլական խորշակի տակ, որն ստեղծում է ոչինչ՝ արդեն անիրական Հայաստանում։
Կարելի է ենթադրել, որ Արամ Աբրահամյանը, նաեւ իր հասցրած շնորհալի անձնակազմով, մե՜ծ վտանգ է ներկայացնում իշխող բռնապետության ու նրա մանկլավիկների համար, որոնցից մեկը, անսպասելիորեն, հայտնվեց` ի դեմս Ռ. Ռուբինյանի, չհաշված մյուսներին, որոնք ամեն օր են հանդես գալիս իրենց անհագուրդ իշխանամոլությամբ՝ ժողովրդավարության շղարշի տակ։
Արամ Աբրահամյանի հետ երբեմն կարելի է անհամաձայն լինել իր արտահայտած մտքերի համար։ Բայց նա, ինչպես ասվեց, հավասարակշիռ եւ արադարամիտ լրագրող է, հարցերը՝ ըստ էության, հնարավորինս պետականամետ (չշփոթել իշխանամետության հետ) խմբագիր, որի կարծիքն ու տեսակետը պետք է հաշվի առնի պետական յուրաքանչյուր մարմին ու պաշտոնյա։ Նա մեկն է, որ դեռեւս 90-ականների սկզբից կարող էր պետական լուրջ պաշտոններ վարել՝ առանց խոչընդոտի։ Սակայն չինովնիկի կարգավիճակը նրան հոգեհարազատ չէր, հետեւաբար, նախընտրեց ժողովրդի, հասարակության արթնամիտ խոսակիցը լինելու ասպարեզը։
«Մամուլի շենքում» նրա թերթի տարածքը խլելու արարքը, որտեղ կան նաեւ կարեւոր այլ թերթերի եւ մամուլի գործակալությունների գրասենյակներ, ուրիշ բան չէ, եթե ոչ՝ խլել, փակել այդ ասպարեզը նրանից, ազատ խոսքի այդ ամբիոնը նրանից ու նրա կոլեկտիվից, խլել ազատ, հավասարակշռված խոսք լսելու իրավունքը՝ ժողովրդից։
Նիկոլականության խորշակը սպառնում է ամայացնելու Հայաստանը։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ