Մի կամպանիա է, մի կուսակցություն է, մի ապուշ գաղափար է։ Իհարկե, Խաչատուր Սուքիասյանը, ցավոք, արցախցիների բարեկամը չէ։ Ավելին՝ իրենց խոսքերով ու գնահատականներով ժողովրդին են թշնամացնում։ Այս ամենը կոնկրետ ծրագիր է, , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական գործարար պատգամավորի երեկվա այն պնդմանը, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել և ընդամենը 10 զոհ են ունեցել:
«Մի քանի օր առաջ մի սխալ էլ ես եմ թույլ տվել. ֆեյսբուքում իմ լուսանկարն եմ տեղադրել, որն արված է Արցախի Թաղավարդ գյուղում, մոտ 200 հոգի հավանել են այդ նկարը։ Նկարի տակ գրել եմ՝ «Գյուղ Թաղավարդ, Ասկերանի շրջան»։ Նույն նկարը երկրորդ անգամ հրապարակելով՝ գրել եմ «Գյուղ Թաղավարդ, Մարտունու շրջան»։ Ես, չիմանալով, որ առաջին դեպքում սխալվել եմ՝ գրելով Ասկերանի շրջան, մյուս անգամ ճիշտ եմ գրել։ Ինձ դրա համար ոչ մեկ նկատողություն չի արել կամ պարզապես հարգել են, ոչինչ չեն ասել։ Միայն տղաս է զանգահարել, ասել՝ «Մամ, Թաղավարդը Մարտունու շրջանում է»։ Ես, իհարկե, ջնջել եմ այդ նկարը։
Հիմա այսքանը պատմելով՝ ուզում եմ ասել, որ մարդը կարող է սխալվել, տեխնիկական վրիպակ թույլ տալ՝ կապված հիշողության, հասակի հետ։ Կարող է նա (նկատի ունի Խաչատուր Սուքիասյանին՝ խմբ.) հիմար է, բայց հազիվ թե՝ անգրագետ, դրա համար էլ այն կարծիքին եմ, որ ուշադրությունը դրա վրա կենտրոնացնել, ուռճացնել, իրավիճակը սրել չարժե։ Միևնույն է՝ առանց այդ թեմայի պարզ է՝ ով ով է, ով ինչ է ուզում, ով ինչու է այդպես անում։ Ինձ թվում է՝ եթե նա այդքանն արել է (նկատի ունի ներողություն խնդրելը՝ խմբ.) էլի փառք Աստծո»,- ասաց Հասմիկ Միքայելյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ավելի լուրջ թեմա է այն, ըստ շրջանառվող լուրերի՝ մոտ օրերս ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը կարող է փակվել։
«ԱՀ նախագահը, պատգամավորները պետք է մի տեղ նստեն, աշխատեն։ Եթե այդ շենքն իրենց վրա շատ է ազդում, թող մի ուրիշ տեղ տան, ոչ թե դուրս շպրտեն։ Առանց այն էլ մենք բոլորս… Ես այսօր ինչո՞ւ եմ եկել Մոսկվա։ Ութերորդ անգամ ես ու ամուսինս տեղահանվել ենք։ Հիմա էլ բնակարան ենք փնտրում՝ մեր 60 հազար դրամով։ Չենք կարողացել գտնել այն սենյակը, որը գոնե խոզանոց չի լինի, կկարողանանք ապրել։ Սա լավ կյանքից չէ։
Տղաս ասաց՝ գոնե ամռանը եկեք ինձ մոտ՝ Ռուսաստան, մի փոքր օգնեմ ձեզ, կապրեք ընկերոջս ամառանոցում։ Բայց երկու ամսից նորից հետ ենք վերադառնալու Հայաստան, թոռնիկիս հարսանիքն անենք՝ վերադառնալու ենք։ Էլի պետք է տուն փնտրենք։ Չգիտեմ՝ ինչ արժեք պետք է այդ տունն ունենա, որ մենք առանց պետության աջակցության կամ ընդամենը 40 հազար դրամով կարողանանք հաց, ջուր, տան վարձ հոգանք։ Այ սա է կարևոր։
Արցախցի ընտանիքներ կան՝ ոչ թոշակառու ունեն, որ թաշակ ստանա, մի կերպ ապրեն, ոչ էլ աշխատող ձեռք, որովհետև մարդիկ աշխատանք չեն գտնում։ Սա է ողբերգությունը»,- ամփոփեց Հասմիկ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ իր աղմկահարույց հայտարարությունից հետո Խաչատուր Սուքիասյանն ավելի ուշ հայտարարություն էր տարածել, որում նշել էր. «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»։