Զոհվածների վերածնվելու մասին Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ անհեթեթություն է, – նման դիտարկմամբ է հանդես եկել լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Վաղուց չեմ նայում Նիկոլ Փաշինյանի ելույթները, նրա ղժղժան ձայնը, բացահայտ ստերը եւ մանիպուլյացիաները վատ են ազդում ։ Նրա ամանորի ուղերձի տեքստը կարդացի։ Ի թիվս այլ ստերի, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները: Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետեւ 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնույն անունը, ազգանունը, հայրանունը»: Սա մանիպուլյացիա է, զոհվածերը չեն վերածնվում, տիեզերքում ամեն ոք եզակի է, նույն անուն, ազգանուն, հայրանուն ունենալն ամենեւին չի նշանակում, որ նորածինը եւ զոհվածը նույն մարդն են», – արձանագրել է լրագրողը:
Նրա խոսքերով` տարեմուտին Նիկոլ Փաշինյանի արտաբերած հաջորդ անհեթեթությունն է․ «Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է եւ փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է: Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաեւ կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ»:
«Խաղաղությունը երկնքից մանանայի նման չի իջնելու, այն պետք է ապահովել, ոչ թե՝ ճամարտակել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար պետք է ունենալ ուժեղ տնտեսության , շատ փող, որպեսզի պրոֆեսիոնալ զինծառայողներին բարձր աշխատավարձ վճարենք, բանակը զինենք արդիական, թանկ զինատեսակներով, ինչը նիկոլական Հայաստանում հնարավոր չէ։
Ամանորի ուղերձում Ն․ Փաշինյանի մյուս ստերին չանդրադառնամ, խնայելով ձեր նյարդերը», – նշել է նա։