Հուսով եմ՝ հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացները շարունակական կլինեն, որովհեև դրանք իրենց մեջ անվտանգային երաշխիքներ են պարունակում, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ «Միջազգային դատարանների և արբիտրաժ մասնագիտական ծրագրերի» ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։
«Ինչքան էլ Ադրբեջանը չունենա ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, պետք է հասկականք, որ այլ բան ակնկալելը դժվար կլիներ։ Չպետք է միամիտ լինենք՝ կարծելով, որ ամբողջ պատկերն օրերի կամ ամիսների ընթացքում փոխվելու է, Ադրբեջանը կատարելու է միջազգային դատարանների որոշումները։ Կարևոր է, որ միջազգային դատարանների որոշումների կատարմանը հետամուտ լինելու պրոցեսն անընդհատ լինի»,- ասաց բանախոսը։
Եղիշե Կիրակոսյանը միաժամանակ նշեց՝ իր ընկալմամբ՝ խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով։
«Կարծում եմ՝ իրավական պրոցեսները խաղաղության անկյունաքար են, հիմք են»,- ասաց նա։
Կիրակոսյանը միաժամանակ նկատեց՝ Բաքվում ԿԽՄԿ գործունեության դադարեցումից հետո հայ գերիներին տեսակցելու մեխանիզմներ, ամեն դեպքում, շատ կան՝ ԵԽ-ի, ՄԱԿ-ի շրջանակներում, հատուկ հանձնարարություններով անձինք և աշխատանքային խմբեր։
«Զուտ խնդիրն այն է, որ այդ մեխանիզմների էֆկտիվ գործարկման համար անհրաժեշտ է պետության ներգրավվածությունը։ Բնականաբար, հնարավորություն կա ինդիվիդուալ՝ անհատների կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ջանքեր ուղղելու, բայց դա այն էֆեկտիվությունը չի ունենա, ինչ պետության կողմից առաջնորդությունը կամ աջակցությունը»,- ասաց բանախոսը։
Քննարկման բանախոսներից իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան էլ հավելեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել հաղթաթղթեր ունենալ ռազմական ոլորտում, ինրչպես նաև քաղաքական ոլորտում, և միակ ոլորտը, որտեղ հաջողությամբ գործընթացներ են վարվել, հենց իրավականն է։
«Ստացվում է՝ հետ ենք քաշվում մի խաղադաշտից, որտեղ հաղթող ենք եղել և փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ ծեծել են։ Կարծում եմ՝ գերիների խնդիրը պետք է լուծվի մինչև խաղաղության փաստաթղթերի ուժ ստանալը։ Խաղաղությունը վերևից ընկնող երևույթ չէ. խաղաղությունը ենթադրում է միջավայր, ենթակառուցվածքներ։
Հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղություն չի եղել, քանի որ Ադրբեջանում կա հայերի նկատմամբ պետական մակարդակով քարոզվող ատելություն։ Որպեսզի կարողանանք խեղում ունեցող նման հասարակության հետ խաղաղ ապրել, այդ հասարությանը պետք է պատրաստել խաղաղության, ինչպես երկար ժամանակ պատրաստվել է թշնամանքի։ Դա կրկին պետք է թելադրվի ադրբեջանական իշխանությունների կողմից»,- ասաց Սահակյանը։
Բանախոսը հիշեցրեց՝ խաղաղության նախաստորագրված տեքստում բացակայում է գերիների վերադարձի դրույթը։
«Իմ խորին համոզմամբ գերիների հարցի լուծումն իրատեսականորեն կարող է տեղի ունենալ մինչև խաղաղության պայմանագրի՝ ուժի մեջ մտնելը։ Եթե այդ կրիտիկական կետերում արդյունք չունենանք, այդ անձանց թողնելու ենք բարձր ռիսկայնության պայմաններում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։





