ՀՀ իշխանությունները Կենտրոնական բանկի հետ համատեղ մեր ժողովրդի վզին փաթաթել են մի օրենք, որը կոչվում է «Անկանխիկ գործառնությունների մաիսն» ՀՀ օրենք:
Երեկ՝ հունիսի 28-ին ԿԲ-ն հայտարարություն տարածեց այս օրենքի հետ կապված: Ուրեմն ի՞նչ են ասում, մեջբերում եմ․ «Հայտնում ենք, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը՝ ԱԿԲԱ ԲԱՆԿ ՓԲԸ-ն և ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա, հանձն են առել և իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումները ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով»:
Մնացել է երկու օր, բայց նոր են դիմում շահառուներին, որպեսզի երկու օրվա ընթացքում իրենց գլխի ճարը տեսնեն: Երկու օրվա ընթացքում ո՞ր ընկերությունը կհասցնի լուծել իր հարցերը, որպեսզի չտուգանվի և չկրի ֆինանսական կորուստներ: Միանգամից ասեմ, 99 տոկոսը չի կարողանալու, հանձնառուները չեն կարողանալու տեխնիկապես այս հարցը կարգավորել` նաև վերոնշյալ բանկերը: Ասել է, թե հերթական պատուհասն է կախված մեր ժողովրդի, տնտեսվարողների և բիզնեսի գլխին: Լրացուցիչ ծախսերի առաջ կանգնելը քիչ էր, հիմա էլ՝ սա: Սա ևս մեկ օրինակ է, որ գործ ունենք ոչ կոմպետենտության հետ: