Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունների շրջանակում անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը:
«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես կենսապահովման, այնպես էլ հնարավոր էսկալացիայի փորձերը կանխելու համար: Դուք քաջատեղյակ եք, թե ինչպես են գործում խաղաղապահները: Այդ մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Դա գիտակցում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ անդրադառնալով երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը խախտել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ։
Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը, ինչի հետևանքով քաղաքացիները այդ հատվածում էին մնացել շուրջ 5 ժամ։
Ադրբեջանցիները ներխուժել էին սպասող մեքենաներից մեկը, ինչի հետևանքով քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել էր, նրանցից 3-ը ուշաթափվել էին։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտի բժշկական կենտրոն։
Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից։