Այսօր 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Այս պահին իրավիճակը բավականին լարված է, տեղում մեծաթիվ ոստիկաններ կան։
Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են, որ իրենց ընդունեն և հարցերին պատասխանեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանը։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները նմանատիպ բողոքի ակցիա իրականացրել էին նաև սեպտեմբերի 27-ին։Այդ օրը նրանց ոչ ոք չէր ընդունել, խոստացել էին, որ արդեն այսօր հանդիպումներ կկայանան։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը` Հովհաննես Պողոսյանը, արդեն հինգ տարի է՝ իրենց քաշքշում են այսուայն կողմ, սակայն իրենց խնդրին լուծում չի տրվում։
«Լիքը հարցեր ունենք էդ մարդկանց։ Արդեն բոլ ա, հերիք ա՝ դանակը ոսկորին են հասցրել։ Նենց չի, որ նոր ենք զարթնել։ Սեպտեմբերի 27-ին իրենց ասելով տեխնիկական պատճառներ կային, որ մեզ չընդունեցին. կարծում եմ՝ պաշտոնյաները տեղում չէին։ Այդ օրը մեզ խոստացան, որ այսօր կհանդիպենք, բայց ժամը չեն հստակեցրել։ Մենք էլ որոշեցինք ժամը 12։00-ին հավաքվենք այստեղ»,- նշեց Հովհաննես Պողոսյանը՝ շեշտելով, որ իրենց հարցերին լուծում չտալու դեպքում պատրաստ են ճանապարհներ փակել։
Ըստ Հովհաննես Պողոսյանի՝ ՊՆ-ում պետք է հասկանան, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, քանի որ իրենց երեխաները բոլորիս համար են զոհվել։
«Իրենք պետք է իմանան, որ մենք կանք, մենք քնած չենք։ Մենք ամեն օր էլ պրպտում ենք, ամեն կառույց գնում ենք։ Բայց վերջերս սկսել են կառույցները ծնողներին չհանդիպել։ Մարդիկ արխային են ընկել, բայց ասում եմ՝ արխային մի ընկեք, չկա նման բան։ Երեխա ենք տվել իրենց, «կառոբկա» հետ չենք ուզում։ Այս հինգ տարվա մեջ գոնե մեկ անհետ կորածի ճակատագիր պետք է պարզված լիներ։ Այսինքն՝ էս մարդիկ գործ չեն արել։ Որ աշխատեին, ահագին արդյունք կունենայինք»,- ասաց անհետ կորածի հայրը՝ չբացառելով, որ ավելի ուշ հանդիպում կունենան նաև Բաքվից վերադարձած ԱԱԾ տնօրենի հետ։