Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց Իրինա Յոլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Էդգար Արամյանը։
Նշենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։ Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցին կալանավորելու մասին միջնորդությունը ևս մերժվել է դատարանի կողմից: Կալանավորվել է միայն Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որի վերաբերյալ միջնորդությունը քննվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Վերջինս կրկին աչքի ընկավ իր ծառայամտությամբ ու չորս երեխաների հորը, որը նաեւ մասնակցել է պատերազմին, կալանավորելու որոշում կայացրեց:
Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով Գորիսի ձերբակալություններին` նշել էր , որ ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ավելին՝ ձերբակալման ընթացքում իրականացվել է տեսա և լուսանկարահանում՝ անձանց, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ։
«Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել են, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու»,֊հայտնել է ՄԻՊ֊ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։
Աղբյուր` Փաստինֆո