Տոմսակ
Մեր azg.am կայքէջից տեղեկացա, որ ինչ-որ մի դատավոր, այսպես կոչված՝ «վնգստացողների շարքից», այսօր երեք ամսով կալանք է վճռել անչափահաս երեք երեխա, որոնցից մեկը երեք ամսական, ունեցող մայրիկի նկատմամբ, ավելի ճիշտ՝ դեմ։ Վճռել է, որովհետեւ երիատսարդ այդ մարյիկը չի կարողացել կամ չի ուզել ներկայանալ Բագրատ Սրբազանի գործով, որպես նրա գրագրիչը, թե՞ թարգմանիչը, ներգրավված անձ, որպես վկա։
Չգիտեմ, այդ երիտասարդ մայրիկին կձերբակալե՞ն, կտանե՞ն կալանավայր, եւ, ամենակարեւորը, երեխաներին իրենց մայրիկի հետ կտանե՞ն կալանավայր, բայց արտառոց այդ վճիռը ինձ տարավ հետ՝ 70-ական թվականներ, սովետական ժամանակաշրջան։
Ինչ-որ հանգամանքների բերումով, դեռեւս ուսանող Երեւանի Պետհամալսարանում, զրուցում էի Հայաստանի ամենահայտնի դատավորներից Ամասիկ Սարգսյանի հետ։ Խիստ վրդովված էր։ Դրա համար էլ, խախտելով այդ օրերին գործող կարգը օտարերկրացիների հետ եւ ընդհանրապես չխոսելու «ներքին» համարվող խնդիրների մասին, զրուցակիցս հայտնեց, որ Մոսկվայից, դատաիրավական վերին իշխանությունից ստացել են հրահանգ ամնիստիա, ներում անցկացնելու Հայաստանի կալանավայրերում։ Առաջին օգտվողները ներման այդ գործընթացից, ըստ հրահանգի, պետք է լինեին անչափահաս երեխաներ ունեցող մայրիկները։
Զրուցակիցս, մինչ այդ բացատրելով արդարադատության բնագավառում գոյություն ունեցող տեղական եւ ընդհանրական ըմբռնումների եւ մոտեցումների միջեւ տարբերությունները, ընդվզած ասաց. «Այ մարդ, Հայաստանում ո՞ր անխիղճ դատավորը կարող է կալանք առաջադրել անչափահաս երեխա ունեցող կնոջը։ Այդ ո՞ր դատավորը կարող է նման վճիռ արձակել, երբ լավ գիտի, որ բոլոր դատավորներով, ներառյալ ես, թքելու ենք իր երեսին։ Իսկ եթե նման վճիռ է արձակել, ուրեմն ենթական շատ լուրջ, շատ ծանր հանցանք է գործել եւ իրավունք չունի մայր կոչվելու»։
Եվ շարունակելով զրույցը, դատավոր զրուցակիցս ափսոսանքով, բայց նաեւ գոհունակությամբ ասաց, որ ստուգել-քննել են, որ մեր կալանավայրերում ոչ մի կալանավորի չեն գտել ամնիստիայի առաջին կետից օգտվելու։
Եվ սա՝ սովետական ժամանակներում, հակաժողովրդավարական կարգերի տակ։
Ես չգիտեմ, azg.am-ը չի նշել երեք անչափահաս, որոնցից մեկը՝ ծծկեր երեխայի մորը կալանքի, բանտարկության դատապարտող դատավորի անունը։ Հույս ունեմ՝ նա կին չէ եւ չունի երեխաներ։ Սակայն հաստատ գիտեմ, որ այսուհետեւ, այս վճռից հետո, բնավ կարիք չունի վնգստալու, նա հաղթահարել է Նիկոլի դասակարգման այդ գիծը, նա կգնա առաջ։ Դեպի ո՞ւր՝ թող մտածեն նրա հարազատները։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ