Azg.am-ի զրուցակիցն է իրանագետ, դիվանագետ Գրիգոր Առաքելյանը։
-Պարո՛ն Առաքելյան, հաշվի առնելով հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները՝ որքանո՞վ եք հավանական համարում այդ երկրում իշխանափոխությունը։
-Քանի որ տևական ժամանակ է՝ համացանցն Իրանում անջատված է, և արևմտյան աղբյուրներից շռայլորեն ապատեղեկատվություն է տարածվում, ինֆորմացիոն դիսբալանսի պայմաններում շատ դժվար է վերջնական գնահատական տալ։ Միայն հստակ կարելի է ասել, որ իրավիճակը շատ լուրջ է, Իրանում իսկապես բարդ իրավիճակ է տիրում։
Ամեն դեպում իշխանափոխության հավանականությունը շատ մեծ է, հատկապես որ ներկայիս պայմաններում Իրանի շուրջ լուրջ զարգացումներ են ծավալվում։ Նման հնարավորությունը չի բացառվում։ Բայց նաև նշեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հեղափոխությունից հետո բազմաթիվ այսպիսի ճգնաժամեր և զանգվածային ցույցեր է կարողացել զսպել։ Այնպես որ, հարևան երկրի իշխանություններն այս պահին ևս հնարավոր է, որ կարողանան ուժ գործադրել և սանձահարել զանգվածային բողոքի ալիքը։ Բայց, կրկնում եմ, հավանականությունը շատ մեծ է, որ իշխանափոխություն, այնուամենայնիվ, տեղի ունենա։
-Պարո՛ն Առաքելյան, եթե Իրանում իսկապես իշխանափոխություն տեղի ունենա, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա։ Ի՞նչ վտանգներ կարող են լինել։
-Նման զարգացման դեպքում, բնականաբար, Հայաստանը զերծ չի մնա ծանր հետևանքներից։ Մասնավորապես մեծ վտանգներ կարող են ի հայտ գալ, բայց Իրանում տարիների ընթացքում տարբեր կարգի իշխանություններ են եղել՝ կայսերական, թագավորական։ Միապետության պայմաններում նույնպես Իրանն ունեցել է իր կարմիր գծերը, որոնք աշխատել է ամեն կերպ պահպանել։ Գոնե պետք է հույս ունենալ, որ որևէ իշխանափոխության դեպքում Իրանը կշարունակի պահպանել այդ կարմիր գծերը, որոնք ինչ-որ տեղ նաև երաշխավորում են Հայաստանի անվտանգությունը։
Ավելի պարզ ասած՝ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել նրան, որ այդ երկրի քրդական տարածքներում, ազերիաբնակ շրջաններում անջատողական նկրտումներ նկատվեն, և Հայաստանը հայտնվի ավելի վտանգավոր գոտում, քան ներկայումս է։ Նկատի ունեմ, որ Հայաստանը կարող է սահմանակից դառնալ ինքնավարության ձգտում ունեցող ազերիաբնակ տարածքների հետ, որը մեզ համար խիստ վտանգավոր է։ Այդ դեպքում Հայաստանը կհայտնվի թուրքական աշխարհի շրջափակման մեջ։
-Պարո՛ն Առաքելյան, կասկածից վեր է, որ Միացյալ Նահանգները փորձել և այսուհետ ևս փորձելու է օգտվել Իրանում ստեղծված իրավիճակից։ Վերջնահաշվարկում ինչպիսի՞ նկրտումներ կարող է ԱՄՆ-ն ի հայտ բերել։
-Միացյալ Նահնագները կարծես չի էլ թաքցնում այս տարածաշրջանում ունեցած իր նկրտումներն ու ձգտումները։ ԱՄՆ-ն Իրանի հետ միասին փորձում է Իրանի վրա ճնշում գործադրել։ Բոլոր քայլերն ուղղված են նրան, որ Իրանին ծնկի բերեն և պարտադրեն ընդունել բանակցությունների՝ իրենց թելադրած օրակարգը, այսինքն՝ Իրանն ընդհանրապես հրաժարվի ուրանի հարստացումից, և քննարկման նյութ դառնա միայն ռազմական մյուս կարողությունների սահմանափակման հարցը։ Սա, իհարկե, ընդունելի չէ Իրանի համար։
Համացանցային սուղ պայմաններում քիչ առաջ հնարավոր եղավ ճշտել, որ պաշտոնական Թեհրանը կարծես թե համաձայնել է ամերիկյան կողմի պահանջներին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Առայժմ հնարավոր չէ վերջնականապես հաստատել կամ հերքել նման լուրի իսկությունը։
Ուրանի հարստացումն Իրանի կարմիր գծերից մեկն է, և այդ երկիրն ուրանը հարստացնում է ոչ թե միջուկային զենքի, այլ տարբեր գիտական և էներգետիկ նպատակներով օգտագործելու համար։




