Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում. հաղորդում է Report պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի հեռուստատեսությանը։

Սպանությունը կատարվել է  Թեհրանի փողոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ։ Ահմադինեժադի հետ միասին, ենթադրաբար, սպանվել են նաև նրա կինը և երկու որդիները։

Մահմուդ Ահմադինեժադը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-ից 2013 թվականներին։

Այս լուրից քիչ անց Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքման տեղեկություն է տարածել։

Հայտարարության մեջ ասվում է.

Մենք հայտարարում ենք՝ Ադրբեջանի պետական ​​AzTV հեռուստաալիքը, առանց որևէ հիմքի կամ հղումների, տարածել է կեղծ լուրեր Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին։

Այս տեղեկատվությունը համընկավ Թեհրանի լայնածավալ ռմբակոծության և նախկին նախագահի որդու հայտարարության հետ։

Այս բոլոր իրադարձությունները տեղի ունեցան գրեթե միաժամանակ։

Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հիբրիդային պատերազմ, որն ուղղված է ոչ միայն Իրանի արտաքին քաղաքականության, այլև նրա ներքին միասնության դեմ։