Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատմել է Իսրայելի դեմ Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Ուշադրության կենտրոնում էր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Իրանի ԱԳՆ ղեկավարը ռուսաստանցի գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ էին զոհվել։
Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։
Նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական պատճառների վերացումը պետք է դառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ առաջնահերթ ուշադրության առարկան։
Հաստատվել են կողմերի դիրքորոշումները հօգուտ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, հրատապ հումանիտար խնդիրների լուծման և ուղիղ բանակցությունների համար ամուր պայմանների ստեղծման՝ պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։