ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՒ ԻՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Քանի որ «հիբրիդային պատերազմ» տերմինը` որը նաև կարելի է ձևակերպել որպես հայեցակարգ, Հայաստանում ունի իր իրական գիտական բովանդակության հետ կապ չունեցող ընկալում և կիրառվում է գլխավորապես քարոզչական և քաղաքական նպատակներով, այդ թվում նաև քաղաքական օպոնենտներին որպես «հակապետական» տարրեր ներկայացնելու նպատակով, առանց դրա իրավական բովանդակության, ես ցանկանում եմ Հայաստանի դեմ իրական և շոշափելի հիբրիդային պատերազմի օրինակ բերել։
Ադրբեջանի «մարդու իրավունքների» պաշտպանը (բռնապետություններում այդ ինստիտուտն ընդամենը շղարշ է) դիմել է միջազգային կազմակերպություններին մարտի 31-ը ճանաչելու հնարված ցեղասպանության օր, այն էլ 1918 թվականի:
Ահա, սա‘ է իրական հիբրիդային պատերազմը, երբ թշնամական պետությունը իր զավթչական քաղաքականությունն արդարացնելու, նոր պահանջներ ներկայացնելու համար օգտագործում է միջազգային գործիքներն ու հարթակները, ինչպես ժամանակին ԵԽ-ն որպես «խավիարային դիվանագիտության» ցատկահարթակ, ԵԱՀԿ-ն և ԵԽ-ն որպես «ադրբեջանական լվացքատան» հարթակ:
Պատմական ռևիզիոնիզմը Ադրբեջանի և Թուրքիայի առաջիկա տարիների հիմնական գործիքներն են լինելու հակահայկական զավթչական ծրագրերի հենքում, անկախ նրանից` Ադրբեջանի պահանջով կփոխեք Սահմանադրություն, կզիջեք ռազմավարական դիրքեր, TRIPP-ի միջոցով էքսկլուզիվ պայմաններ կստեղծեք, թե՞ կտանեք ձեր տներում կպահեք: Պատմության ռևիզիոնիզմը հստակ նպատակ ունի և դրա վրա հենց այնպես գումարներ չեն ծախսվում, այն հիբրիդային պատերազմի ժամանակակից ամենասուր գործիքն է, որը կարող է թշնամու համար ապահովել պահանջների լեգիտիմության զգացողություն, իսկ դրա հաջորդ փուլը որպես կանոն լինում է պատերազմը։
Պատմության կեղծարարությունը կամ ռևիզիոնիզմը, ադրբեջանական և թուրքական զավթչական գործիքակազմում նոր չէ և ժամանակակի ընթացքում ենթարկվում է կեղծարարության փորձի կատարելագործման։
Սա մեզանից պահանջում է հստակ, նպատակադրված, թիրախային աշխատանք, քանի դեռ «բանը բանից» չի անցել վերջնականապես:
Արա Պողոսյան, քաղաքագետ





