Իսրայելում ձերբակալվել է 7 քաղաքացի՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով. դատախազների պնդմամբ՝ կասկածյալները շուրջ 600 առաջադրանք են կատարել հօգուտ Իրանի, այդ թվում՝ հետախուզական տեղեկություններ են տրամադրել զգայուն ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վերաբերյալ: Այս մասին գրում է jpost.com-ը:
Ենթադրյալ լրտեսությանը ներգրավված կարևոր վայրերը ներառում են «Ռամաթ Դեյվիդ» ավիաբազան, «Նևաթիմ» ավիաբազան, Գլիլոտ և Գոլանի բրիգադի բազան, որտեղ անցյալ շաբաթ «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս զինվոր էր սպանվել:
Յոթ կասկածյալները՝ ադրբեջանական ծագումով իսրայելցիներ Հայֆայից և Հայֆայի ծովափնյա արվարձաններից, որոնցից մի քանիսը հարազատներ են, շուրջ 35 օր է, ինչ կալանքի տակ են։ Ոստիկանությունից հայտնում են, որ երկուսն անչափահաս են։
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ տվյալ դեպքի «սրությունը և ծավալն ամենալուրջերից են, որոնք հայտնի են Իսրայելին»:
Լրտեսների ցանցը «լայնածավալ հետախուզական առաքելություններ է իրականացրել Իսրայելի պաշտպանության բանակի բազաներում ողջ երկրի տարածքում՝ կենտրոնանալով օդուժի և նավատորմի կայանքների, նավահանգիստների, «Երկաթե գմբեթ» համակարգի տեղակայումների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ինչպիսին է Հադերայի էլեկտրակայանը: Ցանցի անդամները տեղյակ էին, որ իրենց տրամադրած հետախուզությունը վտանգում է ազգային անվտանգությունը և կարող է օգնել թշնամու հրթիռային հարձակումներին», – ասել է Իսրայելի ոստիկանությունը:
Ոստիկանության պաշտոնյաների խոսքով՝ կասկածյալները զուտ ֆինանսական շահի դրդապատճառներ են ունեցել՝ տարբեր չափերով վճարումներ ստանալով՝ կախված գործողության ռիսկից։ Խումբը, իբր, ղեկավարվել է իրանական հետախուզության երկու գործակալների կողմից, որոնց անվանում են «Ալխան» և «Օրխան»:
Ենթադրվում է, որ կասկածյալներին վճարվել են հարյուր հազարավոր դոլարներ: Վճարումները կատարվել են Իսրայել մեկնած ռուս միջնորդների միջոցով:
Ներքին գործերի նախարար Մոշե Արբելը հայտարարել է, որ «Իրանի օգտին լրտեսողները կկորցնեն իրենց քաղաքացիությունը»։