ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայրի մոտ կայացած բանակի շքերթում ունեցած ելույթում, նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է․
«Այս սիրելիները մեր երկրի զարդն են։ Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ ի վիճակի ենք միասնությամբ ու համախմբվածությամբ պաշտպանել ոչ միայն մեր երկիրը, այլ նաև հարևան երկրները։ Մենք Իսրայելի արյունարբու, մարդասպան, մանկասպան ռեժիմին, որը չի ողորմում կանանց, երեխաներին ու ծերերին, ցույց կտանք իր տեղը», գրում է parstoday.ir-ը:
Նա հավելել է. «Ցամաքային, օդային, ծովային ուժերը, հզոր բանակը և բոլոր նրանք, ովքեր կարող էին պաշտպանել մեր երկիրը, ասպարեզ եկան և թույլ չտվեցին, որ մեր սիրելի հողի թեկուզ մի հատվածն ընկնի թշնամու ձեռքը»։
Փեզեշքյանը հավելել է․ «Հերոսական ու հզոր բանակի շնորհիվ աշխարհը չկարողացավ կանխել մեր հեղափոխության ուղու շարունակությունը։ Այսօր Իրանի պաշտպանական և զսպող ուժը հասել է մի կետի, որ թշնամու մտքով անգամ չի անցնում ոտնձգություն կատարել մեր տարածքի վրա։ Եվ դա մեր մարտիկների, գիտնականների ու մասնագետների շնորհիվ է, ովքեր կարողացել են այնքան մեծացնել երկրի ռազմական հզորությունը, որ չունենանք ուրիշների կողմից զինվելու կարիքը»։
Նախագահը նշել է․ «Հպարտ եմ ձեզանով, սիրելիներս։ Իսկ հեղափոխության առաջնորդն իր իմաստուն քայլերով հպարտություն ու պատիվ է բերում մեր ժողովրդին»։
Նա հավելել է․ «Աշխարհը փորձեց թույլ չտալ Իրանին շարունակել իր հեղափոխությունը, բայց ժողովրդի, աշխարհազորի, հերոսական ու հզոր բանակի շնորհիվ, նրանց չհաջողվեց Իրանից խլել իր տարածքի ոչ մի հատված»։
Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Ես գնահատում եմ երկրի բոլոր ծայրերում գտնվող մարտիկներին, հրամանատարներին, զինվորներին։ Եթե չլինեին հրամանատարները, զինվորները, ծովակալները, այսօր մեր Իրանն ապահով չէր լինի և ժողովուրդը չէր կարողանա խաղաղ ապրել»։