Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այսօր կժամանի Ադրբեջան։
Այցը կտևի մինչև հուլիսի 14-ը։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում Յոավ Գալանտը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և անվտանգության ծառայությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների հետ։
«Ադրբեջան այցի նպատակն է ամրապնդել երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, քաղաքական համագործակցությունը և ընդլայնել երկկողմ հարաբերությունները անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում: Նախատեսվում է, որ պաշտպանության նախարարն իր գործընկերների հետ հանդիպումներում կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները», – ասված է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հարավային Կովկասում Իսրայելի գլխավոր խնդիրն Իրանի հնարավորությունները սահմանափակելն է, ստեղծել նրա շուրջ լարվածության օջախներ։ Նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելն է՝ և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմական առումով՝ զինելով Ադրբեջանին և փորձելով ռազմատեխնիկական առումով հավասարակշռությունը վերականգնել Ադրբեջանի օգտին։
Իսրայելը շահագրգռված է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ որքան երկար է ադրբեջանա-իրանական սահմանը, այնքան ընդլայնվում է տարածաշրջանում ներկայության և ներգրավվածության համար հնարավորությունների շրջանակը։ Միաժամանակ, ի դեմս Իսրայելի՝ Թուրքիան ու Ադրբեջանը գտել են շահագրգիռ կողմ, որը հետաքրքրված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մեջ, որը կարգելափակի Իրանի հասանելիությունը դեպի հյուսիս։