«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում այսօր մեկնարկեց եւ վաղը կշարունակվի «Սիրտ-անոթային հիվանդությունները եւ նրանց բուժման եղանակները» գիտաժողովը, որին մասնակցում է հիմնականում հայ 150 սրտաբան՝ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովին ներկա Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Զարեհ Սինանյանը նախաձեռնությունը կարեւոր համարեց եւ Սփյուռքի հայ մասնագետների ներուժը հայրենիքում համախմբելու, եւ Հայաստանի ոլորտային մասնագետներին միջազգային փորձ փոխանցելու տեսակետից:
Գիտաժողովը նախաձեռնած երեք կազմակերպություններից AMADeA բարեգործական բժշկական միության տնօրեն, սրտաբան Լիլիան Գրիգորյանը նշեց, որ սահմանվել են եւ կհանձնվեն մրցանակներ՝ հայ երիտասարդ եւ իրենց գործում հաջողած սրտաբաններին, կարեւոր համարելով նրանց մոտիվացնելը: Գիտաժողովի առաջին ելույթն արդեն մեծ հետաքրքրություն ներկայացրեց, Իսպանիայում ճանաչված սրտաբան Արմեն Տեր-Հակոբյանն իր փորձառությունը ներկայացրեց գործընկերներին:
Իսպանացի եւ իսպանաբնակ հայազգի բժիշկների նախաձեռնության մասին մեզ պատմեց Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, «AMADEA» բարեգործական կազմակերպության նախագահ Լիլիան Գրիգորյանը՝ նշելով, որ 44 օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իր ղեկավարած կազմակերպությունը մի շարք ծրագրեր է նախատեսել իրականացնել Հայաստանում եւ Արցախում, որոնք հիմնականում վերաբերելու են պատերազմի մասնակից մեր զինվորնեի բուժմանն ու վերականգնմանը:
Բժիշկների առաջին խումբը / տրավմատոլոգ, օրթոպեդ, վիրաբույժ, անեսթեզիոլոգ, սրտաբան/ վաղը, հունիսի 20-ին կմեկնի Արցախ, որտեղ արդեն պլանավորված են անվճար վիրահատություններ եւ վերականգնողական աշխատանքներ Ստեփանակերտի հիվանդանոցում: Լիլիան Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությանն է փոխանցվել մոտ 100 հիվանդի ցանկ, այդ ցանկից առնվազն 30-ի դեպքում վիրահատական միջամտություն է հարկավոր լինելու:
Իսպանացի բժիշկներն իրենց հետ բերել են եւ Արցախ են տանելու նաեւ պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ, վերականգնողական սարքեր եւ տարբեր պրեպարատներ։
Կազմակերպությունը, որի հայերեն հապավումը «Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» է, ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո եւ այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։
«AMADEA» -ի ստեղծման պատճառը, Լիլիան Գրիգորյանի խոսքով, հենց պատերազմն էր։
«Մենք համախմբվեցինք եւ ստեղծեցինք այդ կազմակերպությունը, որովետեւ մինչեւ պատերազմը Իսպանիայի հայ համայնքն այնքան էլ մեծ չլինելով՝ չուներ որեւէ կազմակերպված հարթակ, ձեւաչափ։ Մեր դերը նաեւ այն է, որ պատմենք նաեւ մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին Հայաստանի եւ Արցախի մասին իրականությունը: Եւ մեր ընկերները, իսպանացիներն առհասարակ, շատ սոլիդար ժողովուրդ են, պատրաստակամություն են հայտնել այդպիսի աջակցություն ցուցաբերելու։ Մեր կազմակերպությունը համակարգելու է այդ աշխատանքն Իսպանիայում», ասաց ասոցիացիայի նախագահը, հավելելով, որ սա առաջին այցն է, սկիզբ, որը շարունակական է լինելու:
Կազմակերպության՝ Հայաստան եւ Արցախ այցի ժամանակացույցը եւ այլ մանրամասներ ստորեւ.
AMADEA բժշկական ասոցիացիան սույն թվականի հունիսի 19-25 պաշտոնական այցով կլինի Հայաստանում եւ Արցախում, իր մարդասիրական եւ բժշկագիտական գործառույթներն իրականացնելու համար հետեւյալ ժամանակացույցով՝
Հունիսի 19-20 – «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» գիտաժողովի կազմակերպում,
Հունիսի 21-22 – Հանդիպում բժշկական ասոցիացիաների, բուհերի և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
Հունիսի 23-25 – Բժիշկների մասնագիտական խմբի այց ք․ Ստեփանակերտ՝ տեղում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
AMADEA (Asociacion Medica Amigos de Armenia, հայերեն՝ Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա) ստեղծվել է 2020թ․ դեկտեմբերին՝ իսպանաբնակ հայազգի բժիշկների, բուժքույրերի, հասարակակական գործիչների եւ այլ ակտիվիստների միասնական ջանքերով։
AMADeA-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում բժշկության զարգացմանը եւ դրանով ապագայում Հայաստանը դարձնել ավելի ժամանակակից եւ բարեկեցիկ երկիր: AMADeA-ն զարգացնում է իր ծրագրերը առողջապահական համակարգի երեք հիմնարար ոլորտներում` բուժօգնություն, կրթություն և հետազոտություն:
Ներկայումս իրականացվող մեր գլխավոր ծրագրերից մեկի շրջանակներում՝ AMADEA SUSTAINS – Specialists’ Unified Support Team for Artsakh and Armenia INdigenous Society Իսպանիայում աշխատող փորձարար մասնագետների խումբը՝ կազմված վնասվածքաբաններից, ֆիզիոթերապևտից, մանկաբույժից եւ այլ մասնագետներից կմեկնի Արցախ՝ այնտեղ իրականացնելու անհրաժեշտ բժշկական օգնություն։
Բացի դրանից, նույն այցի շրջանակներում AMADeA -ն կմասնակցի Երեւան քաղաքում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հունիսի 19-21 կայանալիք «Սիրտ-անոթային հիվանդությունները եւ նրանց բուժման եղանակները» գիտաժողովին, որպես գիտաժողովը կազմակերպող 3 հիմնական ասոցիացիաներից մեկը։
Գիտաժողովը, որին նախնական տվյալներով կմասնակցեն մոտ 150 հայ սրտաբաններ, նվիրված է սիրտ-անոթային հիվանդություններին նվիրված ամենավերջին գիտական հետազոտությունների լուսաբանմանը եւ ընդգրկում է անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինասատանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից եւ այլն։ Բացի գիտաժողովի կազմակերպումից AMADeA-ն կհանձնի նաեւ ասոցիացիայի կողմից սահմանված հատուկ մրցանակները լավագույն գիտական աշխատանքները ներկայացրած երիտասարդ բժիշկներին։
Մարիետա Խաչատրյան