Յոթ տարի առաջ, հիշեցնեմ, գռեհիկ հարձակում է եղել հենց Վեհափառի նստավայրի վրա, և անակնկալ կամ զարմանալի ոչինչ չկա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նման արշավ է սկսել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Փաշինյանի առաջին արշավը եղել է եկեղեցու դեմ, ոչ թե Սահմանադրական դատարանի։ Դա հետո է եղել։ Այսինքն՝ հետևողականությունը, թշնամանքը, որ կա պետականաստեղծ, ազգապահպան կառույցի նկատմամբ, ունի մեկ նպատակ՝ ոչնչացնելու հայ մարդու ինքնությունը։
Վերջին յոթ տարվա ընթացքում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք բերել են սահմանադրական մարմինների քայքայմանը։ Դա եղել է նախապես մտածված, կանխատեսելի, և վերջին յոթ տարվա ընթացքում կողմնորոշումը մի մազաչափ անգամ չի փոխվել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Մեր զրուցակիցը հորդորեց չմոռանալ Մարտի 1-ը, երբ Փաշինյանը լուտանքներ էր տեղում Արցախի և հայկականության վրա, ինչպես նաև «Հայկական ժամանակ» թերթում հայի և հայկականության հասցեին հնչող քննադատությունները։
«Չկար այդ թերթի գեթ մեկ համար, որում հետևողական կերպով հայատյացություն չլիներ։ Այն, ինչ վերջին տարիներին անում է Փաշինյանը, հարձակում է սահմանադրական կարգի և ՀՀ անվտանգության վրա։ Նրա բոլոր գործողություններն ու հայտարարություններն իրենց մեջ պարունակում են այնպիսի ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ, որոնք նշված են ՀՀ Քրեական օրենսգրքի 28-րդ գլխում։
Այս յոթ տարվա ընթացքում ոչնչացվել են ժողովրդավարական պետությանը հատուկ բոլոր մեխանիզմները, չկան իշխանության անկախ երեք թևեր։ Սա, փաստորեն, ոչ թե մեկ անձի, այլ թիմի գործելաոճ է, և այնտեղ պատահական մարդ չկա։ Բոլորը գիտեն՝ ինչ են անում գործող իշխանությունները. նրանք անշեղորեն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունը կազմաքանդելու և այն լավագույն դեպքում թուրքական վիլայեթ, խաչմերուկ կամ ազատ շուկայական հարաբերությունների գոտի դարձնելու ծրագիր։ Կարևորն այն է, որ Փաշինյանը հույս ունի ցանկացած պարագայում պարգևատրվել ինչ-ինչ պաշտոնով և շարունակել իր պիղծ ծրագրերը։
Փաշինյանն այժմ բախում է կազմակերպում, որովհետև հրաշալի գիտի, որ եկեղեցու կողմնակիցները շատ ավելին են՝ ժողովրդի մեծ մասը։ Դրա համար էլ դիմում է գռեհիկ, ամբոխավարական իր մեթոդներին՝ հրահրելով նոր բախում։ Նրան բախում է պետք, որ կարողանա բռնաճնշումներ նախաձեռնել, և մարդիկ տարիներով չկարողանան ծպտուն հանել»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ առաջարկում է անհրաժեշտ գործուն քայլեր ձեռնարկել՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Նա միաժամանակ առաջարկում է ստեղծել համակարգող խումբ՝ կազմակերպչական հարցերը կարգավեորելու համար։