ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք հադիսանում են ընտանիքի միակ տղան, թե ոչ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նկատեց՝ եթե ամեն ինչ արվի պետականակենտրոնության դիրքերից և ճշգրիտ շեշտադրումներով, ապա այս նախագիծը կարող է տեղին և ադեկվատ լինել, սակայն ներկա իրավիճակում, փորձագետի խոսքով, սա պարզապես հերթական պոպուլիստական քայլն է։
Ռազմական փորձագետը նշում է, որ իշխանությունն այսօր ոչինչ չի անում, որ զոհեր չունենանք, այդ թվում հավուր պատշաճի չեն կահավորվում մարտական հենակետերը, ձեռք չեն բերում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որ հակառակորդի բայրաքթարները չկարողանան հարված հասցնել մեր զինվորներին։
«Այսինքն՝ իշխանությունը նախևառաջ պարտավոր է մտածել, թե ինչ պետք է անի, որ զոհերի թիվը չաճի։ Նման բան առաջարկելով՝ իշխանությունը պետք է նաև առաջարկի, թե զորակոչային այդ հատվածի բացն ինչպես, ինչ ռեսուրսով պետք է լրացվի։ Այսինքն պետք է զարգացնել պայմանագրային զինծառայության համակարգը, մարդկանց շահագրգռել, որ այդ պակասուրդը լրացվի պայմանագրային զինծառայողների թվով»,-ասաց փորձագետը։
Դավիթ Ջամալյանը կարծում է, որ նախ պետք է բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, այլ ոչ թե ոստիկանության որոշ ստորաբաժանումների։ Հակառակ պարագայում ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչն, այս նախագիծը շրջանառության մեջ դնելով, դասական պոպուլիզմի ճանապարհով է գնում՝ փորձելով հաճոյանալ ու սիրաշահել զոհվածների ընտանիքներին։
«Նրանց ընկալումներում չկա հզոր բանակի հեռանկարը, և նրանք ականջահաճո այս առաջարկությամբ հերթական հարվածն են հասցնելու բանակի մարտունակությանը, որովհետև եթե չես առաջարկում այլընտրանք, թե ինչպես է այդ բացը լրացվելու, ապա հարված ես հասցնում բանակին։ Նրանց ընկալումներում կա թրքահպատակ Հայաստան, որտեղ բանակը պետք է կատարի զուտ ձևական արարողակարգային բնույթ»,-նշեց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետը գտնում է, որ սոցիալական արդարության տեսանկյունից շրջանառության մեջ դրված այս նախագիծը կարող է տեղին լինել միայն այն դեպքում, եթե նախաձեռնությանը զուգահեռ առաջարկվի բանակին պատշաճ համալրման այլընտրանք։ Դավիթ Ջամալյանը վստահ է, որ նոր, պետականակենտրոն իշխանության հաստատումից հետո այս գաղափարը կարելի է պատասխանատու կերպով կյանքի կոչել, քանի որ պետությունն ունի ռեսուրս և հնարավորություն՝ զարկ տալու պայմանագրային զինծառայության համակարգին ու ավելի զարգացնելու հնարավորությունները։
«Գործող իշխանության պարագայում այս նախագիծն ընդամենը բանակին հարվածելու մի քողարկված ձև է, սակայն պատասխանատու իշխանության պարագայում այն պետք է զարգացնել։ Պետությունն այդ ընտանիքների հանդեպ հավերժ պարտավորություններ պետք է ունենա»,-ասաց Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով, որ այդ նախագիծը կյանքի կոչելու միակ միջոցը պայմանագրային զինծառայությունը խթանելն է, ինչը հնարավոր է այդ համակարգին հավելյալ միջոցներ հատկացնելով։
Աղբյուր` Փաստինֆո