Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ հարաբերությունների թեմային:
«Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն համապատասխանաբար իր օրակարգով է աշխատում, Անվտանգության խորհուրդը և Արմեն Գրիգորյանն իր գործընկերոջ հետ են աշխատում: Երբ արդյունքները լինում են, մենք դրանց մասին խոսում ենք, և կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում, վատը չէ։
Օրինակ՝ Ադրբեջանի կողմից իր մասով հայկական բեռների տեղափոխման շրջափակման արգելքի հանումը»,-ասաց նա։
Հարցին՝ այդ շփումների ժամանակ արդյոք ցավոտ հարցերը քննարկվում են, օրինակ՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, Արևմտյան Ադրբեջանի թեմաները, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Դուք ընդհանրապես չհոգնեցի՞ք այդ թեմաներից։ Ե՛վ մենք ենք մեր կարծիքը ասել, և՛ իրենք են իրենց կարծիքը ասել։ Կան ստորագրված փաստաթղթեր, այդ փաստաթղթերում շատ հստակ եզրույթներ, տեղանուններ, անվանումներ, ինչի՞ եք անընդհատ ավելորդ լարվածություն ստեղծում»։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին՝ Հարությունյանն ասաց՝ երկկողմ շփումներում այդ հարցն անընդհատ կա, և պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթուղթը ստորագրվի։




