ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Դարբինյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է հոսանքազրկումներին:
2023 թ-ի նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման մասին խոսելիս, նա նշեց, որ դրա պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել էր հանձնաժողով և հետաքննության արդյունքում պարզվել, որ անջատումը տեղի էր ունեցել ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, հոսանքազրկվել էր Հանրապետության 1/3-րդը և դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր:
Նա նաև նշեց օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էեկտրաէներգիայի անջատման մասին:
«Ուզում եմ նշել, որ մինչև հայտնի վթարի օրն, Օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ էին տեղի ունեցել, ոչ ներկայացման պահին: Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց էր կատարել և պարզել, որ խնդիրն իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ էր կապված: Այդ ամենը մանրակրկիտ բացատրել էինք թատրոնի համապատասխան աշխատակիցներին, ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոփոխման, թատրոնն անտեսել էր մեր մասնագետների կարծիքը, որից հետո տեղի էր ունեցել բոլորին հայտնի վթարը, որի համար մեղադրեցին ՀԷՑ-ին»,-ասաց նա:
Նրա խոսքով, Թատրոնի տնօրենը դիմել էր մեր ընկերությանը՝ բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրասֆոմատորը փոխարինելու նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիր ունեն:
«Հաջորդ անջատումն Աբովյան մարզադաշտում էր, որի հետ կապված, մինչև խաղը ստացել էինք համապատասխան գրություն Ֆուտբոլի ֆեդերացիայից՝ իրենց սեփականություն հանդիսացող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ: Այն ՀՖՖ-ի դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում խաղի օրն ամբողջ բեռն ընկել էր մեկ ուղղության վրա, որն էլ չդիմանալով ծանրաբեռվածությանն՝ անջատվել էր»,-ասաց նա:
Դարբինյանը նշեց, որ այս երկու դեպքերի հետ կապված հնարավորինս աջակցել են թե Օպերայի թատրոնին, թե մարզադաշտին, չնայած՝ դա իրենց պարտականությունների մեջ չէր մտնում:
Այնուհետև նա անդրադարձավ նրան, որ համակարգից դուրս եկավ հայկական ատոմային էլեկտրակայանը, որի հետևանքով հոսանքազրկվեցին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները:
«Ամենամեծ խնդրին անդրադառնամ, հուլիսի 6-ին Երևանի ՀԷԿ-ում, որը պատկանում է միջազգային էներգետիկ կորպորացիային, խոշոր հրդեհ տեղի ունեցավ: Բոլոր ուղղությունները, որ ՀԷԿ-ից սնվում էին հրդեհի պատճառով հոսանքազրկվեց, և մենք ստիպված այս բոլոր ուղղությունները սնել ենք Ծիծեռնակաբերդ, Մյասնիկյան, Մերգելյան, Չարենց ենթակայաններից»,-նշեց նա:
Նա ընդգծեց. այս ժամկետում հնարավոր դարձավ թեկուզ ընդհատումներով, բայց էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովել մեր բաժանորդներին միայն ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի շնորհիվ: