Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաշխման լիցենզիան դադարեցնելով՝ բացահայտվում են իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ՀԷՑ վերահսկողական կոմիտեի գրառումն է կիսվել ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նշենք, որ ՀԾԿՀ նիստին ներկա է նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, որի մուտքը դահլիճ մեծ աղմուկ ու խառնաշփոթ առաջացրեց հատկապես լրագրողների շրջանում, որոնք սուր հարցեր ուղղեցին նրան, մասնավորապես՝ չե՞ք ամաչում, որ Սամվել Կարապետյանն իր միջոցներից 5 միլիոն դրամ աշխատավարձ է փոխանցում ձեզ։
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:
Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչների՝ պաշտպանում է իշխանության դիրքորոշումը։ Դեռ 2 շաբաթ առաջԴավիթ Ղազինյանը կանխատեսում էր, որ ՀԾԿՀ-ը ՀԷՑ-ին զրկեւո է լիցենզիայից, բայց այդ դեպքում պետությունը պետք է վճարի Սամվել Կարապետյանին։ Այսինքն՝ իշխանությունների հաշվեհարդարի, Կարապետյանի ձեռքից ՀԷՑ-ը խլելու համար վճարելու է ՀՀ քաղաքացին։
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները պնդում են, որ Մեսրոպյանը կողմնակալ է: Նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մեսրոպյանը 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է հանդիսացել, բացի այդ, Մեսրոպյանը նաև խնամիական կապի մեջ է ՔՊ հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։
ՀԷՑ–ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյան. «Իմ տեղեկություններով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել Թուրքիայում: Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, ո՞րն էր նպատակը: Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել»։
Լուրեր կան, որ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու ճանապարհով Սամվել Կարապետյանի ձեռքից խլելով՝ հանձնվելու է Թուրքիային։





