Ամենայն հարգանքով Ժիրայր Լիպարիտյանի գիտական և դիվանագիտական վաստակին, այնուհանդերձ անհրաժեշտ եմ համարում արձագանքել նրա հոդվածին, որը տեղ է գտել այսօր՝ «Առավոտում»(հղումը տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում)։
Վաշինգտոնի փաստաթղթերը նա ներկայացնում է չափազանց լավատեսական լույսի ներքո, ինչը մի շարք հարցերում խոցելի է։
Թող կոպիտ չհնչի, սակայն տպավորություն է, որ հոդվածի հեղինակը ոչ թե վաստակաշատ գիտական է, այլ գործող լուզեր կառավարության լոբբիստ:
Հիմա, ըստ էության:
Լիպարիտյանը գրում է․ «Ադրբեջանը պարտավորվել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ մի նպատակ, որին Երևանը վաղուց էր ձգտում»:
Բայց փորձը ցույց է տվել, որ նույն այդ հռչակագրի դրույթները Ադրբեջանը բազմիցս ոտնահարել է՝ ներխուժելով Հայաստանի տարածք, բռնազավթելով բարձունքներ և ուժի կիրառմամբ շանտաժի ենթարկելով մեր երկիրը։ Եթե նախկինում այդ պարտավորությունները խախտվել են առանց հետևանքների, ապա ինչպե՞ս կարելի է այսօր նույն փաստաթղթին հղում անել որպես վստահելի երաշխիք։
Սահմանադրական փոփոխությունների հարցում Լիպարիտյանը նշում է․ «Հնարավոր է, որ Բաքվի մտահոգությունը անկեղծ է»:
Բայց սա ոչ թե «անկեղծ մտահոգություն» է, այլ բացահայտ ճնշման գործիք, որով Բաքուն փորձում է Հայաստանի ներքին իրավակարգավորումները դարձնել սեփական շահերի սպասարկու։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել Ադրբեջանի քմահաճույքի առարկա։
Լիպարիտյանը պնդում է, որ փաստաթղթերը հնարավորություն են տալիս հայերին «փոքր-ինչ հանգիստ շունչ քաշել»:
Բայց ո՞րն է այդ «հանգստությունը», երբ փաստաթղթերում շրջանցված են գերիների ազատման, դելիմիտացիա/դեմարկացիայի հարցերը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը և անվտանգության իրական մեխանիզմները։ Այս խնդիրների անտեսումը ոչ թե ապահովում է հանգստություն, այլ ընդհակառակը՝ խորացնում անորոշությունը։
Ընդդիմությանը վերաբերող մասում Լիպարիտյանը գրում է, թե այն գործում է «սխալ մղումներից ծայր առած»(իհարկե, ընդդիմության որոշ սեգենտների խոսույթի հետ վերապահումներ ունեմ նաև ես, բայց Լիպարիտյանի ընդհանուր գնահատականը կոշտ է և անարդար):
Սակայն հենց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու անընդհատ նոր պահանջներն են ձևավորում ընդդիմադիր մտահոգությունները։ Դրանք անտեսելը ոչ միայն քաղաքական անարդարություն է, այլև Հայաստանի ինքնապաշտպանական դիսկուրսի թուլացում։
Վերջապես, Լիպարիտյանը խոստովանում է․ «Նույնիսկ լավագույն պայմաններում ԱՄՆ երաշխիքները մնում են անկայուն»:
Եթե նույնիսկ հեղինակը փաստում է, որ ամերիկյան երաշխիքները անկայուն են, ապա ո՞րն է Հայաստանի անվտանգության իրական հենարանը։
Եթե Վաշինգտոնը պատրաստ չէ իր պարտավորությունները ապահովել ուժային կամ քաղաքական լծակներով, իսկ Ռուսաստանը, հեղինակի կարծիքով, արդեն ապացուցել է իր անվստահելիությունը, ապա ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու մեր տարածքային ամբողջականությունը։Նկատենք, որ Լիպարիտյանը, հայաստանցի շատ վերլուծաբանների օրինակով, ռուսական անվտանգության անկատար համակարգը կարծես համեմատում է իդեալական ինչ-որ վիճակի, և ոչ թե այդ անկատար համակարգի իսպառ բացակայության հետ։
Սակայն հենց այս սխալ համեմատությունն է, որ հանրային դիսկուրսում ձևավորում է պատրանք, թե Ռուսաստանը պարզապես «թերանում է», մինչդեռ իրականությունն այն է, որ նրա տեղում այլևս ոչինչ չի լինելու։ Իսկ երբ չկա ոչինչ, վտանգն առավել մեծ է, քան ցանկացած անկատարություն։
Այսպիսով, Լիպարիտյանի հոդվածը կառուցված է չափազանց լավատեսական ենթադրությունների վրա։ Մինչդեռ իրականությունն այն է, որ առանց գործնական ու ամուր անվտանգության երաշխիքների Հայաստանի ինքնիշխանությունը մնում է խոցելի։
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ