Այսօր՝ ժամը 10․00-ի դրությամբ, 88,780 անձ է ժամանել Լեռնային Ղարաբաղից. հայտնել է փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Հումանիտար կենտրոնի ստացած նոր տվյալները։
Բաղդասարյանը նշել է, որ Հակարիի կամուրջը ժամը 10․00-ի դրությամբ հատել է 18,700 տրանսպորտային միջոց։
«Ինչպես գիտեք, երեկ երեկոյան մեքենաները հասել էին Ստեփանակերտի հրապարակ ու այնտեղից ուղևորվել էին դեպի Գորիս։ Այս պահի դրությամբ մեքենաները ՀՀ են տեղափոխել շուրջ 200 բռնի տեղահանված անձանց։ Ուզում եմ հավելել, որ ավտոբուսները կրկին շարժվելու են Ստեփանակերտ։
Այն անձիք, ովքեր ուզում են ժամանել Հայաստան, մեքենաները կշարժվեն այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը, ով ցանկություն կհայտնի, կհասնի Հայաստան։
Այս պահի դրությամբ 63,483 անձ արդեն հաշվառվել է, հաշվառման գործընթացը չափազանց կարևոր է, և ես հորդորում եմ բոլոր անձանց, ովքեր այս մղձավանջից հետո հանգստացել են, լծվեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է ձեր հաշվառումը։
Եթե Վայքում կամ Գորիսում չեք հասցրել հաշվառվել, հորդորում եմ մոտենալ մարզային կենտրոնների տարածքային ստորաբաժանումներ և կոնտակտային անձերի միջոցով իրականացնել ձեր հաշվառումը»,- նշեց վարչապետի մամուլի խոսնակը։
Հակարիի կամուրջ հատող արցախցիներին առաջարկվում են պետական կացարաններ։
Նախորդ երեկոյան կացարանից օգտվել է 17,153 արցախցի, այս պահի դրությամբ՝ 20,306։
Մարզերում պետական կացարաններում ապաստանել են՝
Արագածոտնի մարզում՝ 972, Արարատի մարզում՝ 4,658, Արմավիրի մարզում՝ 1,772, Գեղարքունիքում՝ 1,935, Լոռիում՝ 921, Կոտայքում՝ 4,622, Շիրակի մարզում տեղավորվել է 900 անձ, Սյունիքում 2,040, Վայոց ձորում՝ 1,370, Տավուշում՝ 1,116 բռնագաղթած արցախցի։