Հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում ԱՄՆ-ի համար. շաբաթ օրը նման կարծիք է հայտնել պետության ներկայիս ղեկավար դեմոկրատ Ջո Բայդենը Լոս Անջելեսում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր իր նախընտրական արշավի համար միջոցներ հայթայթելուն։
Նա խոսել է իր վարչակազմի ձեռքբերումների մասին և ելույթի կեսից սկսեց քննադատել Հանրապետականին: «Մենք գիտենք, որ այս ամբողջ առաջընթացը վտանգված կլինի հաջորդ ընտրություններում»,- Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Դոնալդ Թրամփը բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում այս երկրի համար: Ընտրության ազատությունից մինչև քաղաքացիական իրավունքներ, ձայնի իրավունքից մինչև Ամերիկայի դիրքն աշխարհում»,- ասել է Բայդենը:
Ըստ Բայդենի՝ «ամենամեծ սպառնալիքը, որը Թրամփն է ներկայացնում, սպառնալիքն է ամերիկյան ժողովրդավարությանը»։
«Եթե մենք կորցնենք այն, կկորցնենք ամեն ինչ»,- հավելել է նա։
Նախագահն ասել է, որ «Թրամփը դարձավ պատմության մեջ նախագահական ընտրություններում առաջին պարտվող թեկնածուն, որը հրաժարվեց ընդունել ժողովրդի կամքը»։
Ամերիկայի առաջնորդը կարծում է, որ ընտրություններում հանրապետականների հնարավոր հաղթանակի դեպքում իր երկրորդ նախագահական ժամկետն ավելի վատ կլինի, քան առաջինը։ «Նա սպառնում է օգտագործել ԱՄՆ-ի զինված ուժերը Ամերիկայի փողոցներում իր քաղաքական հակառակորդներին հալածելու համար»,- ասել է դեմոկրատը։ Նա հիշեցրել է, որ Թրամփը խոստացել է հաղթելու դեպքում բռնապետ չդառնալ՝ «բացառությամբ առաջին օրվանից»։ «Դե, փառք Աստծո, որ այդպես է», – հեգնանքով նկատել է Բայդենը՝ խաչակնքելով։ «Միայն առաջին օրը»։
Պետության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ ռիսկի դիմել Անկախության հռչակագրի 250-ամյակին (2026թ.)՝ Թրամփի իշխանության ղեկին լինելով։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարել է, որ կձգտի վերընտրվել։ Թրամփն ընտրարշավին իր մասնակցության մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին։