ԵՄ աուդիտորները հայտարարել են, որ չեն կարող որոշել, թե արդյոք ԵՄ-ի միլիարդավոր եվրոների մի մասը, որը ԵՄ-ն տվել է Թուրքիային սիրիացի փախստականներին օգնելու համար, իրականում ինչ-որ ազդեցություն է ունեցել:
Եվրոպական աուդիտորական դատարանը (ECA), ստուգելով՝ արդյոք անցյալ տարի գումարն արդյունավետ է օգտագործվել, հայտարարել է, թե Թուրքիայի կրթության նախարարությունը հրաժարվել է աուդիտորներին ԵՄ նախագծերի ազդեցությունը գնահատելու հնարավորություն տվող տեղեկություն տրամադրել:
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Թուրքիայում փախստականների որակյալ ներառական կրթությանն աջակցելու համար նախատեսված է առնվազն 530 միլիոն եվրո, որը ներառում է ուսուցիչների աշխատավարձերի վճարում, դասավանդման սարքավորումներ, թուրքերենի ուսուցում և ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաև խորհրդատվություն և այլ հանձնարարականներ:
Associated Press-ի հարցին, թե ինչն է խանգարել աուդիտորներին տեղեկություն ստանալ Կրթության նախարարությունից, գործընթացում ներգրավված ԵՄ աուդիտորներից մեկը պատասխանել է, թե նրանք պարզապես պնդել են, որ տվյալներ չունեն: Աուդիտորները և Եվրահանձնաժողովի պաշտոնյաները տեղեկություն ստանալու ընդհանուր և անհատական հարցումներ են արել, սակայն ապարդյուն:
Ըստ ԵՄ անդամ երկրների ղեկավարների և Թուրքիայի միջև 2016 թվականին կնքված համաձայնագրի՝ Բրյուսելը Սիրիայից ժամանող ներգաղթյալներին օգնելու համար պարտավորվել է Անկարային առնվազն 6 միլիարդ եվրո տրամադրել։ Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին, որոնք լքում են իր տարածքը և ժամանում Եվրոպա։ Համաձայնագիրը, որը մեծ հաջողություն է համարվել Եվրոպայում, ծառայեց որպես ձևանմուշ Թունիսի և Եգիպտոսի հետ ավելի նոր ու բարդ համաձայնագրերի կնքման համար: